Բաժիններ՝

Հրաչյա Հակոբյանը՝ մամուլի և Հայկ Սարգսյանի մասին

«Ես տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանն այնտեղ չի երևում: Եվ Հայկ Սարգսյանն այդպես էլ գրել է, որ բազմաթիվ մարդիկ են եղել նախագահականում այս ընթացքում, և նա հերքել է, որ դա իր մասնակցությամբ է եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ խոսելով պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի մասին:

Ըստ նրա՝ աղմուկը մի փոքր շատ է Հայկ Սարգսյանի շուրջ, լրատվամիջոցները թիրախավորել են նրան.

«Արդեն որերորդ անգամն է, չգիտեմ՝ ում հետաքրքրությունն է այդքան մեծ եղել, որ այդպես մանրակրկիտ բացեն-տեսնեն՝ Հայկ Սարգսյանն ուր գնաց, ում հետ, ինչ արեց: Ինչո՞ւ հենց Հայկ Սարգսյանը»:

Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ աղմկահարույց մի երկու դեպք եղավ, օրինակ՝ ավտոմեքենան, որը չի պատկանում Սարգսյանին, և լրատվամիջոցները սիրում են ունենալ նման մի կերպար, որ նյութ չեղած ժամանակ այդ մարդուն պեղեն, մի բան գտնեն: Նա հավաստիացրեց, որ փաստերն իրենք տեսնում են, ու դրանք լինում են, բայց նաև լինում են դեպքեր, օրինակ՝ նախագահականի էքսկուրսիան, որ մարդը հերքել է: Պատգամավորը նշեց, որ խմբակցությունում Սարգսյանի հարցը չի քննարկվել:

Դիտարկմանը, որ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը պահանջել է, որ Հայկ Սարգսյանը վայր դնի մանդատը, Հրաչյա Հակոբյանը կրկին հիշեցրեց, որ Սարգսյանը հերքել է և հրապարակել նկարներ, որ բազմաթիվ մարդիկ նախագահական նստավայրի ներսում են:

Հ. Հակոբյանն ընդգծեց, որ այդ նկարներում և տեսանյութում Հ. Սարգսյանը չի երևում, և կհավատա միայն այն ժամանակ, երբ տեսնի նախագահականում Սարգսյանի նկարները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս