Բաժիններ՝

«Ամեն նոր նախարար զրոյից է սկսում…». բնապահպաններն անհանգստացած են

Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում Սևանա լճի մասշտաբային ծաղկման մասին:  «Պետք է ազգովի հասկանանք, որ լիճը օրհասական վիճակում է, իսկ իմ խորին համոզմամբ, եթե լճի փոխարեն՝ մենք ճահիճ ունեցանք, իսկ դա ճահճացման դրսևորում է, մենք ուղղակի Հայաստանն ենք կորցնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում թեմայով   բարձրացված աղմուկն օրինաչափ է, քանի որ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է:

«Մենք միշտ զգուշացրել ենք, որ, եթե այսպես շարունակենք, կունենանք ճահիճ: Ակտիվ ճահճացում է գնում լճում, և նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մանրամասնորեն ներկայացված են բոլոր վտանգները, այդ թվում` կլիմայի փոփոխությունը, քամիները»,- ասաց նա: Ըստ նրա՝ սակայն, նախարարությունը չի նշել, որ Սևանը վերջին տարիներին ենթարկվել է բացասական բալանսի. Սևանա լճի մակարդակը բարձրացնելու փոխարեն՝ իջեցվել է: Կ. Դանիելյանը համոզված է, որ դա պատահական չի եղել ու պայմանավորված է եղել ինչ-ինչ անձանց առնչվող կառույցների նպատակահարմարությամբ:

Բնապահպանը հավելեց, որ իրեն հիմնականում անհանգստացնում է այն, որ  համակարգային ռազմավարական մոտեցում որևէ ոլորտի նկատմամբ չի դրսևորվում.  «Սպասում ենք, որ խնդիր պայթի, նոր հավաքվենք ու լուծենք»:

168.amի հարցին,  թե որոնք են խնդրի լուծումները, և արդյոք բնապահպաններին բավարարել են  նախարարի կողմից բարձրաձայնված խնդրի լուծման  տարբերակները, պատասխանեց. «Մոտ 7 տարի առաջ Ռուսաստանի մասնագետները, որոնց մեջ հայտնի հայ մասնագետներ կային, դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ 3 լճերի հետ կապված, որոնցից մեկը Սևանն էր: Բայկալն ընդունեցին, Սևանը չընդունեցին, որովհետև լիճն այնպիսի վիճակում է, որ պետք է, համենայն դեպս, որոշ չափով կարգի բերել, հետո նոր կարողանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել»:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Կառավարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի լճին կարգավիճակ տրվի, որը թույլ կտա գործողություններ իրականացնել ջրի որակի համար, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական պայմաններ է ստեղծում բնակչության համար:

Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա բնապահպանը հիշեցնում է, որ դեռ «SOS Սևանի» ժամանակ ինքն առաջարկել էր շտապ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել` փորձագետների և հ/կ-ների մասնակցությամբ:  Մեր հարցին, թե արձագանքե՞լ են արդյոք առաջարկին, բանախոսը նշեց, որ բանավոր հայտարարությանն արձագանք չի եղել, պատրաստվում են նաև գրավոր դիմել:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը խնդրի հիմնական լուծումը համարում է մաքրման կայանների գործարկումը։

«Որքան էլ խոսում են այն մասին, որ 14 խոշոր կազմակերպություններ տեղադրել են իրենց մաքրման կայանները, որքան էլ խոսվում է, որ 3 խոշոր քաղաքների համար մաքրման կայաններ են կառուցված… Դրանք մեխանիկական կոշտ կենցաղային աղբից մասամբ մաքրում են լիճը, սակայն դա լուծում չէ: Եթե չկա քիմիական և կենսաբանական մաքրում, բնականաբար, կա լրացուցիչ կենսածին տարրերի հոսք, ինչպես նաև մակարդակի տատանում և ջերմաստիճանի բարձրացում, որի արդյունքում հիպոլինիումի սահմանները գնալով կրճատվում են, և հատակի տիղմն էլ է մտնում շրջանառության մեջ, նշանակում է` մենք գնալով պետք է ունենանք ավելի վատ իրավիճակ»,- նշեց նա:

Ըստ մասնագետի՝ ծաղկումը բացասաբար է ազդում նաև մանրաձկների ու խեցգետինների վրա՝ պայմանավորված ջրիմուռների կողմից արտադրվող թունանյութերով և թթվածնային քաղցով:

Բանախոսը համոզված է, որ  այս ամենի պատճառը պատասխանատվության պակասն է.  «Միայն այն փաստը, որ անընդհատ նախարարներ ենք փոխում… Այսօր ես հարց եմ բարձրացնում, և պարզվում է` իմ հարցի պատասխանը պիտի տար նախորդ նախարարը: Այսօր եկածն ասում է` ես ընդամենը մի քանի ամիս եմ աշխատում: Ես հասկանում եմ` պայմանավորված է քաղաքական նկատառումներով, բայց, ի վերջո, պետք է ընտրությունը կատարել ոչ թե՝ կախված քաղաքական հայացքներից, այլ՝ ելնելով մասնագիտական փորձառություններից»:

«Ամեն նոր նախարար զրոյից է սկսում…»,- հավելեց Կարինե Դանիելյանը:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ֆիտոպլանկտոնի մասնագետ Լուսինե Համբարյանն անդրադառնալով լճի ծաղկման հետևանքով երևան եկող վտանգներին` նշեց. «Անցյալ տարի մենք ունեցել ենք լայնամասշտաբ, ծավալուն ծաղկում, ինչը գնահատեցինք՝ ըստ կենսազանգվածի ցուցանիշի, այսինքն` մոտ 66 գրամ 1 լիտրում կուտակված զանգվածի հիպերէվտրոֆ վիճակը: Անցյալ տարի բացահայտված տեսակը, որը ծաղկում էր առաջացրել, նույնպես այս տարի ակտիվացել է, և հունիսից հուլիս ընկած այս ժամանակահատվածը պայմանավորված է անաբենա ցեղի  ֆլոսակվա տոքսինի գերզարգացումով, այսինքն` միկրոջրիմուռների գերզարգացումով: Մարդիկ, որ հիմա գտնվում են Սևանա լճում կամ ափերին, կարող են արձանագրել քայքայված ու կուտակված այդ զանգվածի տհաճ հոտը, բավականին գորշ կուտակումները»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս