Մեքենաների ներմուծման հարցում Հայաստանի արտոնության երկարաձգման հարցում ռուսներն ու ղազախները մերժել են օգնել
ԶԼՄ-ներում օրերս հրապարակում էր եղել այն մասին, որ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ Հայաստանի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Արտոնության երկարաձգմանը, սակայն, դեմ են եղել՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Ղազախստանը, որտեղ օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման մասին ընդհանրապես լսել չեն ուզում:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես չեն արձագանքել, պարզապես ի գիտություն են ընդունել:
«Մենք բարձրաձայնեցինք, որ կա այդ խնդիրը, որին պետք է լուծում տալ, բայց թե՛ ռուսական, թե՛ ղազախական կողմերն իրենց փաստարկներն ունեն: Նրանք բերում են այն փաստարկը, որ չեն կարող օգնել, քանի որ արդեն 5 տարով ընդառաջել էին: Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներքին կարգավորումներ անենք, օրինակ՝ հրաժարվենք ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), եթե այլ ռիսկեր չլինեն»,- նշեց Փամբուխչյանը:
Ավտոներկրողներից հետաքրքրվեցինք՝ իրենց ձեռնտու կլինի՞, եթե, օրինակ, ավելացված արժեքի հարկից պետությունն ազատի իրենց:
«Չգիտենք, թե սա որքանով ձեռնտու կլինի: Հայտնի չէ, թե կոնկրետ ավելացված արժեքի հարկն այս նոր մաքսային հաշվարկներով ընդհանուր գումարի քանի՞ տոկոսն է կազմում: Եթե 20-30 տոկոսն է, բնականաբար, շահավետ կլինի, և՛ գնորդին ձեռնտու կլինի, և՛ պետությանը»,- ասացին նրանք:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Հավելենք, որ 2019թ. հուլիսի 3-ին Ղազախստանի ներքին գործերի նախարար Եռլան Տուրգումբաևը ներկայացրել է հայկական, ռուսական, ղրղըզական պետահամարանիշերով մեքենաների գրանցման հետ կապված ծրագրերը՝ ասելով, որ շատ են բողոքները՝ Հայաստանի, Ղրղըզստանի ու Ռուսաստանի տարածքում գրանցված մեքենաների կողմից երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ, իսկ խախտում կատարած մեքենաների վարորդների նկատմամբ որևէ միջոց ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտային միջոցը Ղազախստանում գրանցված չէ:
«Նրանք ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում. ուղևորներ են փոխադրում։ Մենք առաջարկում ենք սահմանափակում մտցնել ու սահմանել տասն օր դրանց շահագործման համար։ Եթե տրանզիտ է մեքենան, ապա տասն օրվա ընթացքում պետք է հաշվառվի»,- ասել է Եռլան Տուրգումբաևը։
Նշենք, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) 2015 թվականի հունվարից: Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:
Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: Օրինակ՝ ավելանալու է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափը:
Եթե այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-52 տոկոս):
ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն՝ ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից:
Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:
Անի Կարապետյան