«Եթե այդ կառույցն ամբողջությամբ գործադիրին ենթարկվի, վտանգ կա, որ այն քաղաքական մարմին կդառնա». Տարոն Սիմոնյան
«Մենք միշտ ասել ենք, որ կարելի է ստեղծել ունիվերսալ մարմին, որն ավելի արդյունավետ կաշխատի: Դա այդ կոնցեպտի իրականացումն է: Բայց բոլորը կենտրոնացրել են այդ մարմնում, թե մի մասը թողել են դրսում, չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը:
Ըստ նրա՝ սովորաբար, հատկապես՝ պառլամենտական երկրներում, նման մարմինները պետք է, որպես այդպիսին, ղեկավար չունենան, կամ առավելապես քաղաքական օբյեկտիվություն դրսևորած անձ լինի ղեկավարը: Տ.Սիմոնյանը նշեց, որ ամեն երկիր իր մոդելն ընտրում է, ոմանք հաջողում են, ոմանք՝ ոչ, բայց եթե ներդրվի մոդել, որ այդ կառույցն ամբողջությամբ գործադիրին ենթարկվի, վտանգ կա, որ այն քաղաքական մարմին կդառնա. «Այդ կառույցի անկախությունն ապահովելու համար այն պետք է ստեղծվի խորհրդարանի կողմից և հաշվետու չլինի որևէ պետական մարմնի, բացի խորհրդարանից, այն էլ՝ վերահսկողությունը պետք է ոչ մշտական լինի»:
Տ.Սիմոնյանի խոսքով՝ ինչքան ընդդիմադիրները շատ ներկայացված լինեն այդ կառույցում, այնքան լավ: Նա նշեց, որ կոմիտեի ղեկավարը որոշիչ դեր չպետք է ունենա, միայն վարչական գործառույթներ պետք է իրականացնի, իսկ կառույցում որոշումները պետք է կայացվեն կոլեգիալ, որտեղ ընդդիմության ձայնը գերակա կլինի: Պատգամավորը կարևորեց, որ հենց ընդդիմությունն ունենա գործառույթներ, որ վերահսկի տվյալ ժամանակահատվածում իշխանության և պետական պաշտոնատար անձանց գործունեությունը. «Իսկ եթե մենք ստեղծում ենք մարմին, որն առավելապես իշխանական է և հսկելու է իշխանության գործունեությունը, այստեղ շահերի բախում կա, և արդյունավետությունը ցածր կլինի»: