«Մենաշնորհատերերից ոչ մեկը երևի թե չի զիջել իր դիրքերը». Հովիկ Աղազարյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը համաձայն չէ պնդման հետ, որ իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը սպասարկում է հարուստներին և օլիգարխներին:
«Ո՞րն է դրա տրամաբանությունը, որ փոքրերը շա՞տ են վճարում։ Չէ՞ որ փոքրերի համար էլ է իջեցվել շահութահարկը։ Չէ՞ որ դա արվել է, որպեսզի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձվի։ Խոշորներն ովքե՞ր են։ Նրանք, որոնք մեծ շահութահարկ են վճարում, բայց այդ դեպքում էլ նրանց վճարած շահութահարկի չափն է մեծ լինում։ Դա չի նշանակում, որ փոքրերին այս փոփոխությունն օգուտ չի»,- 168.am–ի հետ զրույցում հայտարարեց Հ.Աղազարյանը։
Ըստ նրա՝ նոր Հարկային օրենսգրքով շահութահարկը ներկայիս 20%-ի փոխարեն՝ նվազեցվում է 18%, ինչը լուծում է ոչ թե սոցիալական արդարության խնդիր, այլ՝ արդարության խնդիր.
«Այս արդարության հարցը լուծենք-վերջացնենք 1-2 տարվա ընթացքում, կվերադառնանք սոցիալական արդարությանը։ Ո՞րն է սոցիալական արդարությունը։ Այն, որ եթե դու ավելի շատ եկամուտ ես ստանում, պետք է ավելի շատ հարկ վճարես պետությանը, որպեսզի պետությունն այդ գումարներն օգտագործի սոցիալական խնդիրները լուծելու համար։ Իհարկե, դա ճիշտ է։ Բայց այսօր մենք ուզում ենք ստվերը վերացնենք, մենք ուզում ենք ստեղծենք պայմաններ բիզնեսի զարգացման համար, որպեսզի ներդրողները գան, որպեսզի բոլոր տնտեսվարող սուբյեկտները գործեն հավասար իրավական դաշտում։ Այսօր մենք այդ խնդիրն ենք լուծում։ Դրա արդյունքում, բնականաբար, թվաբանություն է, մեծ խելք չի պահանջվում, բայց սա հատուկ նպատակաուղղված քաղաքականություն չի, որ խոշորներն ավելի հարստանան»։
Հ.Աղազարյանը նշեց, որ զուգահեռ այլ օրենքներ ևս պետք է ընդունվեն, հակամենաշնորհային որոշակի միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, և այլն։
Պատգամավորի խոսքով՝ նախկինում օրենքից դուրս գործող սուբյեկտների խնդիրը լուծելու համար է նաև, որ առաջացել է դատաիրավական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, քանի որ նախկին դատաիրավական համակարգը՝ դատավորներով հանդերձ, որ պետք է անկախ լինեին, իրականում կախված են նախկին շատ օլիգարխիկ և ոչ իրավական դաշտում աշխատած էլեմենտներից։ Հ.Աղազարյանի կարծիքով՝ եթե այդ համակարգը չփոխվի, օրենսդրական բազա չապահովվի, առկա խնդիրները հնարավոր չի լուծել, դրանք շարունակում են մնալ օրակարգում։ Նրա խոսքով՝ բոլոր խնդիրներն էլ պետք է հետզհետե աստիճանական լուծում ստանան, ինչը, սակայն, չի նշանակում, որ բոլոր հիմնարկները միանգամից պետք է փակվեն՝ մինչև իշխանությունը ստուգի, թե որն ինչ է։
Թե նախկին օլիգարխներից ովքե՞ր են այս ընթացքում զիջել իրենց դիրքերը, Հ.Աղազարյանը նշեց, որ օլիգարխներ չկան, քանի որ օլիգարխը մենաշնորհատերն է, որը պետական համակարգում սերտաճած կապեր ունի։ Իսկ մենաշնորհների դիրքերի զիջում Հ.Աղազարյանը չի տեսնում. «ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հարցի քննարկման ժամանակ այդ խնդիրը բարձրացվել է։ Մենաշնորհները վատ բան են, թեև բնական մենաշնորհներ կան՝ երկաթգիծ, էներգետիկ համակարգ և այլն, բայց մենաշնորհներ կան, որոնք առաջացել են իրենց կապերն իշխանական շրջանակներում չարաշահելու հետևանքով։ Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ այդ մենաշնորհները, որպես այդպիսին, վերանան։ Ոչ թե մենաշնորհատեր տնտեսվարողը վերանա, այլ մենաշնորհը վերանա, որպեսզի սկսնակ բիզնեսները նույնպես կարողանան շուկա մտնել։ Դա շուտ չի արվի։ Ես համաձայն եմ, որ մենաշնորհատերերից ոչ մեկը երևի թե չի զիջել իր դիրքերը, բայց այն, որ շուկան ազատ է, դա հաստատ այդպես է։ Ու թեև շուկան ազատ է, բայց մարդիկ կան, որ արդեն շատ առաջ են գնացել իրենց կապերով՝ թե՛ դրսում, թե՛ ներսում, բայց մենք էլ պետք է մտածենք այնպիսի օրենքներ ընդունենք, որոնք կնպաստեն նոր տնտեսվարողների ծնվելուն և մոնոպոլիստների կողմից մենաշնորհային դիրքերը զիջելուն»։