«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը հետևանքներ կունենա հայ-իրանական գործնական ծրագրերի վրա»․ փորձագետ

«Իրանաամերիկյան հարաբերությունների լարվածությունը կպահպանվի, բայց չի վերածվի բախման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին աշխարհաքաղաքական վերջին միտումների ֆոնին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունն Իրանում է` մասնակցելու Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ երկօրյա նիստին: Նիստի օրակարգում է երկու երկրների համար կարևոր հարցերի մի ամբողջ շարք։

Ալի Սալամին ասաց, որ ներկայումս հայ-իրանական հարաբերություններում, բարեբախտաբար, որևէ խնդիր չկա, սակայն  քաղաքական երկխոսության և տնտեսական ծրագրերի շարունակականության խնդիր կա,  անընդհատ շփվելու անհրաժեշտություն կա, քանի որ մարտահրավերները շատ են, իրավիճակը տարածաշրջանում և դրա շուրջ փոխվում է ժամ առ ժամ։ Սալամիի կարծիքով՝ Իրանն ու Հայաստանը տեղյակ են միմյանց դիրքորոշումներից բոլոր հարցերում, սակայն  իրադարձությունների ներկայիս արագ դինամիկան պարտադրում է անընդհատ շփումներ։  Ըստ նրա՝ Իրան-ԱՄՆ էսկալացիայի պայմաններում, ամերիկյան կոշտացած հակաիրանական քաղաքականությանը զուգահեռ՝ ԱՄՆ-ը փորձում է ավելի ակտիվ քաղաքական դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասում, որի նպատակն Իրանն է  և Իրանի մեկուսացումը, ավելի արդյունավետ ամերիկյան քաղաքականությունը, որը նման պարագայում կկարողանա հենվել այս տարածաշրջանի վրա։ Վերլուծաբանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներն աջակիցներ է փորձում գտնել։

«Այս իմաստով հասկանալի է, որ Հայաստանի համար իրավիճակն այդքան էլ հեշտ չէ, Հայաստանն ու Իրանը խուսափում են աշխարհաքաղաքական իրադարձությունների «զոհ» դարձնել երկկողմ հարաբերությունները։ Հայաստանը լինելով երկու սահմանը փակ երկիր, տարածաշրջանային պրոյեկտներից կտրված,  կենսական կարիք ունի  լավ հարաբերություններ ունենալ  Իրանի ու Վրաստանի հետ, որոնք դեպի աշխարհ ելքի և տնտեսությունը զարգացնելու միակ ուղղությունն են ներկայումս։ Բայց խնդիրներ կան՝  ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Իրանում, Հայաստանն իր հերթին՝ ունի ԼՂ հակամարտության հիմնախնդիրը։ Խնդիրների այս համակարգի պայմաններում կարևոր է քաղաքական երկխոսության շարունակականությունը, քանի որ տնտեսական ծրագրերը ստեղծված իրավիճակում տուժելու են։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը հնարավորություն է՝  քննարկելու բազում հարցեր, սկսած էներգակիրների ոլորտում համագործակցությունից, առևտրատնտեսական համագործակցությունից, գլոբալ պրոյեկտներից, այդ թվում՝ տարանցիկ տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը, որոնք կմեծացնեն տնտեսական շարժը երկու երկրների միջև, բայց թե ինչ ծավալով հնարավոր կլինի բացահայտել տնտեսական հարաբերություններում առկա ներուժը, դժվար է ասել, քանի որ Իրանը սահմանափակված է պատժամիջոցներով, ինչը, որքան էլ փորձենք հերքել, ունի իր ազդեցությունը, հետևանքները  մեր տնտեսությունների վրա»,- ասաց վերլուծաբանը։

Նա որպես դրական հանգամանք նշեց, որ այս լարված պայմաններում տեղի է  ունենում միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը հույս է ներշնչում և ազդակ փոխանցում, որ այս լարված մթնոլորտում երկկողմ հարաբերությունները ընթանում են իրենց հունով։

Ինչ վերաբերում է իրանաամերիկյան հարաբերություններին՝ Սալամին ասաց, որ լարվածությունը դեռ կպահպանվի և չի վերածվի բախման, քանի որ բախման հետևանքները կարող են անկանխատեսելի լինել նաև ԱՄՆ-ի համար, որոնք ընտրություններին ընդառաջ ցանկալի չեն ԱՄՆ իշխանությունների համար, թեև լարվածությունը ևս ծառայում է նախընտրական նպաստավոր տրամադրությունների ձևավորմանը։

«Սակայն  ես կարծում եմ, որ Իրանին բանակցային սեղան բերելու նպատակով ամերիկյան ճնշումները միայն պատժամիջոցներով ու սադրանքներով կսահմանափակվեն, քանի որ լուրջ բախման հետևանքները ծանր են լինելու նաև ԱՄՆ-ի համար»,- ասաց վերլուծաբանը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Թեհրանը Երևանից ակնկալում է իր ավանդական դիրքորոշման և քաղաքականության շարունակում։

«Հայաստանը,  անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, պահպանել է իր լավ հարաբերություններն Իրանի հետ, դա բխում է երկու երկրների ազգային շահերից»,- նկատեց Սալամին։ Նրա կարծիքով՝ վերջերս ՀՀ ԱԳ նախարարի վաշինգտոնյան այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, քննարկվել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը, Հայաստանի դիրքորոշումը։ Սալամիի խոսքով՝ նույն թեմաները քննարկվում են նաև Թեհրանում։

«Կարծում եմ՝ այդ զրույցները դիրքորոշումները վերահաստատելու և իրավիճակը լիովին ըմբռնելու հնարավորություն են միմիայն»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս