Բաժիններ՝

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները երկուշաբթի կսպասեն փոխվարչապետին

Հուլիսի 1-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին  գործարանի բոլոր ելքերն և մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը, իսկ երեկոյան դադարեցրել էին բողոքի ակցիան, ու մի քանի հոգի գնացել էր հանդիպելու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

«Մարզպետի հետ խոսեցինք, պայմանավորվեցինք կրկին հանդիպել երկուշաբթի օրը, երբ այստեղ կլինեն կառավարությունից ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը և Լոռու մարզպետը: Պետք է պարզաբանեն, հասկանանք, թե խնդիրն ինչպե՞ս է լուծվելու»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեցին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:

Նրանց փոխանցմամբ՝ մարզպետի հետ քննարկել են նաև այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկն աշխատակիցների մի մասին Թեղուտում աշխատանքի տեղավորելն է:

«Շատ-շատ 5 հոգի է աշխատում Թեղուտում: Գործարանի շատ աշխատակիցներ ինքնակենսագրական են ուղարկել, սակայն դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել»,- նշեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները՝ հավելելով, որ մարզպետի հետ քննարկել են նաև վարկերի հարցը:

«Մենք վարկ ունեցողների անուններն ուղարկել էինք կառավարություն, որպեսզի որևէ լուծում տան, ժամանակավոր սառեցնեն, որովհետև հնարավոր չէ վճարել»,- ընդգծեցին նրանք:

Հավելենք, որ գործարանի աշխատակիցները բողոքում էին, քանի որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից, ու, տնօրինության փոխանցմամբ, հնարավոր է՝ ևս այդքան մարդ կրկին կորցնի աշխատանքը:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման պահը հետաձգվել էր մինչև հունիսի 30-ը:

Նրանց փոխանցմամբ՝ տնօրինությունն ու կառավարությունը մեկ հայտարարի չեն գալիս, արդյունքում՝ իրենք են տուժում:

«Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի խոսքով՝ 6 ամիս աշխատավարձի 2/3-ն են վճարել՝ հույս ունենալով, որ դրական տեղաշարժ կլինի:

«Ապրիլի 20-ին դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ գրավոր նամակով, ներկայացրել ենք լուծումների հնարավոր երեք տարբերակները, որոնցից մեկն այս ցավալի փաստն էր՝ կրճատումները, երկրորդն այն էր, որ հնարավոր է՝ համեմատաբար փոքր թվաքանակով մարդիկ աշխատեն աղացագնդերում, և պատրաստ ենք համապատասխան ներդրում անել դրա համար, իսկ երրորդի մասով՝  խնդրել ենք խիստ ժամանակավոր թույլտվություն՝ արտանետումների մասով, առավելագույնը՝ 1.5-2 տարի ժամկետով,  և նշել ենք, որ դրա համար պատրաստ ենք 4-5 միլիոն դոլար ներդրում անել: Եվս մեկ խնդրանք ունեինք կատավարությունից, որպեսզի «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստանանք գրավոր  համաձայնություն՝ այն առումով, որ ոտնձգություն չի լինի «Էյ-Սի-Փի»-ի մասով, քանի որ մենք բանավոր տեղեկություն ունենք, որ գործարանն իրենց պետք չէ: Երկու ամսից ավելի է անցել, ու ոչ մի հարցի լուծում չի տրվել: Դե, մեր հնարավորություններն էլ են սահմանափակ»,- լրագրողներին հուլիսի 1-ին ասաց «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը:

Նշենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

 

Անի Կարապետյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս