Խմբակցության ճաքերը

Վերջին շրջանում բավական հետաքրքիր և ինտրիգային զարգացումներ են տեղի ունենում «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում. մամուլի այն հրապարակումները, որ իշխանական բլոկում առկա են տարաբնույթ թևեր և հակադիր բևեռներ, աստիճանաբար միս ու արյուն են ստանում:

Իշխանական թիմում բացահայտ տարբերվող մոտեցումներ և կարծիք արտահայտող «առաջին ծիծեռնակը» Սասուն Միքայելյանն էր, իսկ տարաձայնությունները սկսվեցին Աբովյանում, երբ նա չսատարեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, իսկ ըստ օդում կախված լուրերի՝ նեղ շրջանակում անգամ հայտարարել էր, որ «մարզպետն ընտրությունները պռավալ է տալու», ինչն իրականում տեղի ունեցավ:

Միքայելյանի ու Փաշինյանի թիմի հակասությունները պայմանավորված են Երկրապահի գործոնով, մանավանդ, որ դրանք հաջորդեցին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, որոնց ավարտից հետո Կոտայքի ՔՊ-ական մարզպետն իրենց պարտությունը, ըստ էության, «դուրս գրեց» Միքայելյանի պասիվության վրա։  Այս մոտեցմանը զուգահեռ՝ առաջանում է հակառակ թեզը՝ Միքայելյանի ԵԿՄ ուժեղ ռեսուրսը վարչապետը փորձ է անում բալանսավորել կուսակցությունում նրա դիրքերի և դերի նվազեցմամբ:

Իշխանությունները մինչև վերջերս այնպիսի կեցվածք էին ընդունել, որ ՔՊ-ի ներսում Միքայելյանն այնքան «մեկուսացած» է՝ իր կամքով կամ մյուսների նախաձեռնությամբ, որ անգամ իսկ տեղեկատվություն չկա հեղափոխության առանցքային դեմքերից մեկի հնարավոր քայլերի մասին։

Արդյո՞ք կառավարող կուսակցության ներսում կա պայքար նրա ազդեցության դեմ, որի հիմքում մտավախությունն է, որ ԵԿՄ «ռեսուրսով» Միքայելյանը կարող է վարչապետի համար դառնալ ավելի ազդեցիկ, քան կուսակցության մեջ առանցքային դերակատարում ունեցող մյուս անհատները կամ խմբերը: Այսօր արդեն Միքայելյանի հարցազրույցից որոշակի հանգամանքներ ակնհայտ դարձան, ըստ որի՝ մարզպետը մարզում չունի այն քաղաքական կշիռն ու ազդեցությունը, որ իրականում պետք է ունենա, և իր որոշումներն ու քայլերը կատարում է էմոցիոնալ մակարդակով: Ընդհանուր առմամբ՝ Միքայելյանը, լինելով քաղաքական փորձ ունեցող անհատ, ակնհայտ է, որ տեսնում է, թե ինչ արագությամբ են իշխանական «նորելուկ» պատգամավորներն ու նախարարները մսխում հեղափոխական թիմի քաղաքական կապիտալը, ինչն իր հերթին՝ հանգեցնելու է ամբողջ քաղաքական թիմի տապալման: Պետրոսյանից բացի, Միքայելյանի կարծիքն ակնհայտ չէր համընկել նաև մեկ այլ իշխանական ներկայացուցչի՝ Ալեն Սիմոնյանի կարծիքի հետ, ով օրերս հայտարարել էր, որ ապրիլյան քառօրյայում հայկական կողմը պարտություն է կրել: Այս փաստարկի հետ կապված՝ ԵԿՄ նախագահն ասել էր, որ «ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին»:

Փաստ է մի բան. ապրիլյանում հայկական զինուժը տարել է ակնհայտ հաղթանակ, իսկ ով հակառակ տեսակետն է շրջանառում, նրանք իրենց կյանքում պարտված և ոչ մի լուրջ ձեռքբերում չունեցած մարդիկ են, ավելին, եթե նման տեսակետ հայտնող անհատը հանդիսանում է իշխանության ղեկավար կազմը ներկայացնող գործիչ, սա վկայում է այն մասին, որ այն քաղաքական ուժը, որ ներկայացնում է այսօրվա իշխանությունը, նույնպես պարտվողական կեցվածքի կրող է:

Արման Գալստյան

Հ.Գ. Այսօր ԱԺ-ում կատարված գաղտնի քվեարկությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունների գործելաոճը բավականին թափթփված է ու չհաշվարկված: ԲԴԽ անդամի թեկնածուն, ում առաջադրել էր իշխանական ֆրակցիան, չընտրվեց՝ բավարար ձայներ չստանալու պատճառով: Այստեղ նկատելի էին սաբոտաժի տարրեր, քանի որ, եթե իշխանության պատգամավորները գտնվում էին գործուղման մեջ, և չկար բավարար թվով ձայների առկայություն, ի՞նչ հիմնավորմամբ է հարցն արտահերթ ռեժիմով բերվում խորհրդարան:

Տեսանյութեր

Լրահոս