«Վրաստանը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները պահպանել ստաբիլ, բարիդրացիական». վրացագետ
«Մենք պիտի մի իրողություն ընդունենք, որ կան լուրջ տնտեսական հարաբերություններ Վրաստանի և իր հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, սակայն մենք չպիտի համեմատվենք»: Այս մասին նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ պատասխանելով 168. am-ի հարցին, թե մի քանի վերլուծաբանների նախանշած ադրբեջանաթուրքական դիրքերի ամրապնդումը Վրաստանում ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար:
«Վրաստանն ունի իր ազգային շահերը, դրա համար փորձում է նաև իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանել ստաբիլ և բարիդրացիական: Մենք չպիտի համեմատվենք այլ հարևանների հետ և պիտի հասկանանք՝ ինչ գործոն ունենք մենք, և ինչ հարաբերություններ կան մեր երկրների միջև:
Պարզ է, որ լուրջ տնտեսական հարաբերություններն ունեն իրենց ազդեցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության վրա: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի պարագայում. ՀՀ-ն, ունենալով լուրջ տնտեսական հարաբերություններ ՌԴ-ի հետ, իր արտաքին քաղաքականության մեջ չի կարող անտեսել Ռուսաստանի գործոնը:
Հայաստանում ընդունված է խոսել տանդեմի հակահայկական քաղաքականության մասին. հակահայկական քաղաքականություն ինչ-որ չափով տարվում է՝ մենք բոլոր պրոյեկտներից դուրս ենք մնում, բայց այսօրվա իշխանությունները, իմ գնահատականով, փորձում են ինչ-որ չափով՝ ըստ հնարավորության, բալանսավորել իրավիճակը»,- հավելեց նա:
Մեր մյուս դիտարկմանը, թե որոշ փորձագետներ Վրաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններում մատնանշում են դրսի հետք, մասնավորապես՝ ադրբեջանաթուրքական, Ջ. Մելիքյանն արձագանքեց. «Այնտեղ արտաքին գործոն կա, բայց այդ արտաքին գործոնն ինչ-որ չափով ՌԴ-ի դերն է, որն օգտագործվում է՝ որպես միֆ:
Այս վերջին իրադարձություններում իշխող թիմը պիտի հասկանար, որ կան ռիսկեր, և, որ ընդդիմությունը կարող էր օգտվել ռուս պատգամավորի այցելությունից պառլամենտ»:
Նա նկատեց, որ սա իշխանափոխության փորձ էր, որը գնում է դեպի մարում, քանի որ հիմնական պահանջը, որը կար ընդդիմադիր սեկտորի մոտ՝ գալիք տարում համամասնական ընտրական համակարգի անցումն էր (ի վնաս իշխող թիմի. վերջին՝ 2016 թ.-ի ընտրություններում ձայների 70 տոկոսը «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնականով ստացած ձայներն էին):
Հիշեցնենք` տեղեկացրել էինք, որ Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները և 2020 թվականին համամասնական ընտրակարգով խորհրդարանի ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել էր «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
«Վրացական երազանքը» որոշում է կայացրել 2020 թ. խորհրդարանի ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով` զրոյական խոչընդոտով»,- ասել էր նա ճեպազրույցում:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան