Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։
Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 15.016 միավոր և դարձավ չեմպիոն։
Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: