Բաժիններ՝

Գեղհովիտով անցնող Մարտունի գետում ջրահեղձ է եղել յոթ տարեկան երեխա

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ողբերգական դեպք է գրանցվել. գյուղի միջով հոսող Մարտունի գետում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 2012 թվականին ծնված Մարինա Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանը, ահազանգը կենտրոնում ստացվել է ժամը 13.35 րոպեին:

«Երեխային փրկարարները կարողացել են գետից հանել իր ընկնելու տեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Մարտունի քաղաքի հիվանդանոցի մոտ: Նրա կյանքը չի հաջողվել փրկել»-ներկայացրեց Վահրամ Գորոյանը:

Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանի ներկայացմամբ՝ երեխան պապի եւ իր մանկահասակ քրոջ հետ գնացել է գետափին գտնվող իրենց հողամաս, որտեղ էլ խաղալիս անզգուշորեն ընկել է վարարած գետի մեջ:

«Ամբողջ գյուղը ցնցված է այս դեպքից»,-նշեց Գեղհովիտ համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս