«Առողջություն արդարադատության, արդարադատություն առողջության համար». թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան վճռականության՝ հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու  համար։

Այս հռչակագրով առաջարկվում են հետագա միջոցառումները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ընդունված կոնվենցիաների վրա:    

2019 թվականի հունիսի 26-ի օրվա խորհուրդն է`«Առողջություն արդարադատության, արդարադատություն առողջության համար»:

Այս տարվա կարգախոսն ընդգծում է, որ արդարադատությունը և առողջությունը մեդալի երկու կողմերն են, երբ խոսքը գնում է թմրամիջոցներով պայմանավորված խնդիրների լուծմանը։ Իսկ հիմնախնդրի արդյունավետ լուծումը պահանջում է, որ քրեական արդարադատության, առողջապահության և սոցիալական ծառայությունների իրավասու մարմիններն աշխատեն ձեռք ձեռքի տված՝ համաձայն թմրամիջոցների նկատմամբ վերահսկողության միջազգային կոնվենցիաների՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պարտավորությունները և կայուն զարգացման ոլորտը։

Միջազգային այս օրն առիթ է հասարակության լայն շրջանակներին իրազեկելու մտահոգություն առաջացնող գլոբալ խնդիրը, միաժամանակ ներկայացնելով այս ոլորտում ձեռքբերումները:

1993 թվականին Հայաստանն անդամակցելով ՄԱԿ-ին` վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 226-Ն կարգադրությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարությունը, որի շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը, և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ։

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017 թվականի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6951, նախորդ տարվա 6544-ի համեմատությամբ (6 % աճ), որոնցից 116-ը կանայք, ափիոնային թմրամոլները՝ 2552, որոնցից կանայք՝ 42, կանաբինոիդային թմրամոլները՝ 4394, որոնցից կանայք՝ 74, 5-ը՝ կոկաինային թմրամոլներ։

Հաշվառվածներից 64%-ը՝ 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50-64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի 68 անձ, 18 տարեկան՝ 11 անձ, մինչև 16-17 տարեկան՝ 5 անձ:

Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3645 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 805 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 685 կամ 10%:

Տեսանյութեր

Լրահոս