«Արթուր Դանիելյանը հարցաքննության է հրավիրվել ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ». ՔԿ խոսնակ
Երեկ «Ադեկվադ» հ/կ ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե ինչ-որ քրեական գործի շրջանակներում։
Նա մասնավորապես նշել էր.«… Հենա էսօր բարլուսով հրավիրել են Քննչական Կոմիտե, արդեն ինչ-որ քրեական գործի շրջանակներում… էս էն «հրավերներից» ա, որ, եթե չներկայանաս՝ կձերբակալեն»։
168.am-ը Արթուր Դանիելյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք ինքը ներկայացել է Քննչական կոմիտե, և ի՞նչ քրեական գործի շրջանակներում են իրեն հրավիրել։
Վերջինս մեզ ասաց, որ, ըստ ծանուցման, ժամը 11:00-ին ներկայացել է Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին, բայց քննիչը տեղում չի եղել. հրավիրել է 11-ին, բայց ինքը չի ներկայացել։
«Վաղը նորից կգնամ՝ հասկանալու համար՝ ինչի մեջ եմ մեղադրվում, կամ միգուցե մեղադրյալ չեմ, այլ վկա։ Այս պահին գործի մանրամասներին չեմ տիրապետում, ոչինչ չգիտեմ»,- ասաց Արթուր Դանիելյանը։
168.am-ին Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Արթուր Դանիելյանը՝ որպես վկա, հարցաքննության է հրավիրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված քրեական գործի շրջանակներում։
«Որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ Արթուր Դանիելյանին՝ որպես վկա, հրավիրել են հարցաքննության ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- մանրամասնեց ՔԿ խոսնակը։
Հոդված 137.
Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուր հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը: