Ինչո՞ւ է ՀՀ իշխող կուսակցությունը դեմ եղել ռազմավարական դաշնակցին

Ինչպես արդեն հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն այս գիշեր ընդունված բանաձևի շնորհիվ երկարատև դադարից հետո կարող է հունիսի 25-ին լիարժեք աշխատանքի վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական (ԵԽԽՎ) վեհաժողովում։ Տարիներ շարունակ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված էր ձայնի իրավունքից և չէր մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։

Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որը վերաբերում է պատժամիջոցների մեխանիզմին և ենթադրում է առանց ձայնի իրավունքի սահմանափակման ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ: Բանաձևն ընդունվել է ձայների 118 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր վաղ առավոտյան գրել էր.

«Ռուսաստանը վերադարձավ. երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տևած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել, և, կարծում եմ՝ դրաման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։ Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» և սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»։

Մինչ այդ, երեկ Զոհրաբյանը թեժ քննարկումների մասին գրել էր. «Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։

Մինչդեռ խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից և զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով ի՞նչ հարց ենք մենք լուծելու։ Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը»։

Վաղ առավոտից, երբ հայտնի դարձան քվեարկության արդյունքները, պարզվեց, որ Հայաստանի պատվիրակության թվով 4 ներկայացուցիչներից միայն 2-ն են կողմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը։ Կողմ են քվեարկել պատվիրակության անդամներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դեմ է քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ իշխանական նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, փաստորեն, նույնիսկ չի մասնակցել քվեարկությանը։

Այսօր պարզվեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով խոսք է խնդրել և հայտարարել, որ երեկ թյուրիմացություն է տեղի ունեցել, և ինքը սխալմամբ դեմ է քվեարկել Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը, այնինչ ինքը կողմ է եղել։ ԵԽԽՎ քարտուղարությունը պատասխանել է, որ այլևս ոչինչ հնարավոր չէ ուղղել կամ փոխել, պարզապես նրա այդ հայտարարարությունը կընդունեն՝ ի գիտություն։ Ի դեպ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է նաև Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի դահլիճից։

«Ընդունված բանաձևի նպատակն էր՝ Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ, որի աշխատանքներին նրանք չեն մասնակցում 2014թ․-ից, երբ ԵԽԽՎ-ն  Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեցին նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։ Ռուսաստանը վերջին 2 տարիներին նաև չէր վճարում իր անդամավճարը, որը կազմում է տարեկան մոտ 30 մլն եվրո, ինչը ֆինանսական ճգնաժամ էր առաջացրել կազմակերպությունում։ Բանաձևում Վեհաժողովը նշում է, որ իր կանոնակարգերում այս փոփոխությունը կարևոր է, որպեսզի ապահովվի անդամ երկրների պարտավորություններն ու իրավունքները՝ ներկայացված լինել  Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմիններում, ու հարգվի նրանց մասնակցությունը։ Երեկ, երբ խորհրդարանը 118 կողմ ձայնով վավերացրեց Ռուսաստանի  պատվիրակության ձայնի վերականգնման  իրավունքը, Եվրոպայի խորհրդի 30 պատգամավոր, հիմնականում՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես պահանջում է ԵԽԽՎ կանոնակարգը, ոտքի կանգնեցին և պահանջեցին թույլ չտալ ռուսական պատվիրակության ձայնի վերականգնումը: Այս պահին արդեն ռուսական պատվիրակությունը նիստերի դահլիճում է,  քիչ առաջ խոսեցի պատգամավորների հետ, նրանք չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը»,- ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական պատվիրակությունը պահանջում է միայն մեկ դեպքում թույլ տալ Ռուսաստանի պատվիրակությանը՝ ԵԽԽՎ-ում աշխատանքները շարունակել, եթե,  իրենց բնութագրմամբ, ազատագրեն Ղրիմը, քաղբանտարկյալներին, իսկ վրացական պատվիրակության պահանջը, բնականաբար, Օսիայի և Աբխազիայի  խնդիրն է:

Ինչևէ, քննարկումը դեռ շարունակվում է։

Այս քվեարկությունն աննախադեպ էր, և խնդիրն այն չէր, որ Հայաստանն ունեցել է 4 ձայն, և ընդամենը երկուսն է եղել հօգուտ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության։

Խնդիրն այն է, որ մնացած երկու ձայները պատկանել են իշխող կուսակցության ներկայացուցիչներին, այսինքն՝ Ռուսաստանի ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում վերականգնելու օգտին Հայաստանի իշխող կուսակցությունից ձայն չի տրվել։

Փաստացի իշխանական պատվիրակները ոչ միայն կողմ չեն քվեարկել, այլև Ռուբեն Ռուբինյանը, ով, բացի պատվիրակության ղեկավարը լինելուց, նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը, դեմ է քվեարկել, որքան էլ հետագայում անհասկանալի կերպով նման հայտարարություն է արել։

Ակնհայտ է, որ սա չի կարող անհետևանք մնալ, ու նաև պարզ է, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը համաձայնեցված է եղել թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և թե՛ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ, քանի որ գաղտնիք չէ, որ նման քվեարկություններից առաջ պատվիրակությունների ղեկավարները մշտապես, հատկապես՝ արտգործնախարարի հետ ճշտել են քվեարկության ուղղությունը։

Ի դեպ, նույնքան անհասկանալի է նաև պատվիրակության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի չմասնակցելու հանգամանքը։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. Իգիթյանը և Ռուբինյանը պայմանավորվա՞ծ են նման պահվածք ցուցաբերել, թե՞ Ռուբինյանի հետագա այդ քայլը, որը նա «սխալմունք» է անվանել, նաև Իգիթյանի համար է անակնկալ եղել։

Տեսանյութեր

Լրահոս