Ուղևորափոխադրում կատարող հայկական 3 ավիաընկերություն կավելացնի դեպի Ռուսաստան և Վրաստան թռչող օդանավերի թիվը
Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,- գրել է Ճաղարյանը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նույն օրը բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:
Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներին հաջորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:
Հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: