Բաժիններ՝

Արցախի պողոտայի վթարային 8 և 10 շենքերի բնակիչները կտեղափոխվեն նոր բնակարաններ

Երևանի ավագանին հունիսի 24-ին մեկնարկած արտահերթ նիստում կողմ քվեարկեց Երևանի Արցախի պողոտա 4 նրբանցքի քանդման ենթակա համար 8 և 10 շենքերի բնակիչների  վերաբնակեցման նախագծին: Նախկինում հանրակացարան ծառայած շենքերը գտնվում են փլուզման վտանգի տակ: Բնակարանները տրվում են նախկինում զբաղեցրած սենյակների թվին համապատասխան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշեց, որ վերաբնակեցման ենթակա է 142 բնակարան, որից 81 բնակարան՝ Արցախի 8 շենքից, և 61 բնակարան՝ Արցախի 10 հասցեից:

«Եվս 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում՝ տարբեր պատճառներով: Բնակիչներից ոմանք ակնկալում են հասանելիքից ավելի մեծ բնակտարածք՝ հասանելիքից ավելին,  մի մասն էլ հրաժարվել է վարձով տեղափոխվելուց: Քաղաքապետարանը որևէ գույքային պարտավորություններ չի ստանձնում, երաշխիքներ չի տրամադրում այն աղաքացիներին, ովքեր գիտակցելով առկա վտանգը՝ մնում են շենքում»,- ասաց նա:

Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի համար 8 և 10 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով անհատույց կնվիրվեն բնակարաններ ՝ Շինարարների փողոցի հ. 15, Շինարարների փողոցի հ. 6/1, Մարգարյան փողոցի հ. 45, Սիսակյան փողոցի հ. 16 հասցեներում գտնվող նորակառույց և Սիսակյան փողոցի հ. 3 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից:

Արզումանյան 10 շենքի հետ կապված հարց բարձրացրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Թեհմինա Վարդանյանը:

Հայկ Սարգսյանն ասաց, որ հանդիպել են 3-րդ մուտքի բնակիչներին, քանի որ ամենաանմխիթար վիճակն այդտեղ էր:

«Պայմանները վերջնական ֆիքսել ենք, որ հաջորդ գորոծղությունները մշակենք օրենքին համապատասխան: Բնակիչների պայմանները ենթադրում են, որ այնտեղ չի կարելի բնակվել, անհնար է: Խնդիրը կլուծենք Քաղաքապետի որոշումից հետո»,- հավելեց նա:

«Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ դեռևս 2017թ. իրենց կատարած հարցումներից պարզ է դարձել, որ 3-րդ կարգի վթարային շենքերը 101-ն են, մեծ մասը գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում:

«Զարմացա, որ այդ 101-ի շարքում չտեսա Արզումանյան 10-ը: Չգիտեմ, տեխնիկական պատճառով, թե հետագայում է վթարային դարձել: Այդ ամբողջ թաղամասը 3-րդից դառնում է 4-րդ կարգ: Շենքերը հիմք չունեն, աստիճանաբար մաշվում են: Էրեբունիում էլ մշտապես նկուղներում խոնավ է, վթարայնության աստիճանը կարող  է ավելի լրջանալ: 4-րդ կարգի վթարայիններից 4 շենք էր նշված, որոնցից 2-ը վերաբնակեցվում են: Առաջարկում ենք ստեղծել վերաբնակեցման խնդրով զբաղվող կառույց: Կարծում ենք, որ դա կարող է լինել հիմնադրամը, ու այն կվերահսկի այս ամբողջ գործառույթը»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս