«Վտանգը Լարսն է. կարող է որոշակի փուլում այնտեղ սահմանափակումներ դրվեն ռուսական կողմից». Ռուբեն Սաֆրաստյան
«Տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության մակարդակի աճ, և սա պայմանավորված է, առաջին հերթին՝ ԱՄՆ-Իրան թեժ հակամարտությամբ, որոնց վրա ազդում են մի շարք այլ գործընթացներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ներկա փուլում փորձում է ճնշումն ուժեղացնել Իրանի վրա, մեկուսացնել և՛ տարածաշրջանում, և աշխարհում:
«Այս խնդիրն իրականացնում են Պոմպեոն ու Բոլթոնը, որոնք հայտնի են իրենց հակաիրանական դիրքորոշմամբ: Մոտակա օրերին նախատեսում են այցելել և՛ Մերձավոր Արևելք, և՛ եվրոպական մի շարք երկրներ՝ ճնշումն Իրանի վրա ավելի ուժեղացնելու համար: Ինչպես ցույց է տալիս փորձը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշումներն արդյունք չեն բերում, և կարելի է ենթադրել, որ այս դեպքում ևս Իրանը կշարունակի պահպանել իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը:
Հիմնական պատճառը, որ ԱՄՆ-ը այսքան ուժեղ ճնշում է գործադրում Իրանի վրա, դա մի կողմից՝ Իրանի ինքնուրույն արտաքին քաղաքականությունն է, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում Իրանը կտրուկ ուժեղացրել է իր դիրքերը Մերձավոր Արևելքում: Դրա մեջ մտնում են Իրաքի, Սիրիայի, Լիբանանի զգալի հատվածները: Իրանի այս ուժեղացումն աշխարհաքաղաքական առումով աննախադեպ է: Եթե սրան ավելացնենք նաև Իրանի ազդեցությունը Պարսից ծոցի երկրներում, ապա պարզ է, որ Իրանը լուրջ գործոն է դարձել Մերձավոր Արևելքում, և սա ամերիկացիներին դուր չի գալիս»,- մանրամասնեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով՝ Իրանը չի գնա երևացող զիջումների, ԱՄՆ-ն էլ դեռևս չի հասել այն կարմիր գծին, որից հետո կսկսվեն ռազմական գործողությունները, ուստի որոշ ժամանակ կշարունակվի ճնշումն ուժեղանալ Իրանի վրա:
«Սպասվում է, որ Թրամփը պետք է հայտարարի Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, և սա բավական լուրջ է տնտեսական առումով: Լարվածությունն ավելի չերևացող, բայց ուժեղանում է նաև Սիրիայում: Մի պահ թվում էր, որ այնտեղ հանգուցալուծումը մոտ է, Ասադի կառավարությունը դաշնակիցների օգնությամբ հասել է վերջնական հաղթանակի, բայց Իդլիբի նահանգը շարունակում է պահել իր դիրքերը՝ որպես հակակառավարական մի մեծ տարածաշրջան, իսկ վերջին շրջանի ճնշումները բացատրվում են նրանով, որ Թուրքիան որոշել է ավելի ուժեղացնել իր աջակցությունը տարբեր հակակառավարական խմբավորումների, այդ թվում՝ ծայրահեղական խմբավորումների: Այսինքն՝ Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական միջամտությունը Սիրիայում, և սա հակասում է այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերել թուրքերը՝ ռուսների հետ:
Բայց դեռևս Էրդողանը կարողանում է խաղալ այն հանգամանքի վրա, որ ռուսները շահագրգռված են ներկա փուլում Թուրքիայի հետ հարաբերությունները չսրել, քանի որ ընթացքի մեջ է Ս-400-ի հետ կապված գործարքը, որը միլիարդներ է բերում ռուսական բյուջե»,- նշեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
Նա անդրադարձավ նաև ռուս-վրացական հարաբերությունների սրմանը:
«Այստեղ մեզ համար վտանգ կա: Վտանգը Լարսն է, որովհետև կարող է որոշակի փուլում այնտեղ սահմանափակումներ դրվեն ռուսական կողմից: Սա վտանգավոր կլինի՝ հաշվի առնելով նաև Իրանի վրա ամերիկացիների աճող ճնշումը: Սա խնդիր է, պետք է պատրաստ լինենք տարբեր զարգացումների»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Անի Կարապետյան