«Չեմ բացառում, որ դիրքերի թուլացումն Էրդողանին կստիպի դիմել իր հերթական ավանտյուրաներից մեկին՝ Ադրբեջանին դրդել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների». Ռուբեն Սաֆրաստյան

Պարզ է դարձել հունիսի 23-ին Ստամբուլում կայացած քաղաքապետի ընտրությունների վերջնական, սակայն դեռևս ոչ պաշտանական արդյունքները:

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ` ընդդիմադիր  «Ազգ» (Millet) դաշինքը ներկայացնող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն  հավաքելով քվեների 54.21 տոկոսը, հաղթանակ է գրանցել իշխող ուժի թեկնածու Բինալի Յըլդըրըմի նկատմամբ, որը ստացել է քվեների 44.99%-ը:

Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 մլն 741.868 ձայն, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Յըլդըրըմը` 3մլն 935.453: Ըստ այդմ` Իմամօղլուն 806.415 քվեով առաջ է անցել իշխող ուժի թեկնածուից` գրանցելով վստահ հաղթանակ:

Ընտրություններին 10 մլն 570.354 ընտրողից մասնակցել է 8 մլն 925.063-ը:

«Ստամբուլը Թուրքիայի և՛ տնտեսական, և՛ ֆինանսական կենտրոնն է: Այստեղ արտադրվում է Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը: Ինչպես Էրդողանն էր ասում՝ ով որ պարտվի Ստամբուլի ընտրություններում, կպարտվի Թուրքիայի համապետական ընտրություններում: Եվ դա տեղի ունեցավ: Սա ծանր հարված էր և՛ կուսակցությանը, և՛ Էրդողանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«1994թ. ընտրվելով Ստամբուլի քաղաքապետ՝  Էրդողանը մտավ մեծ քաղաքականություն, և 25 տարուց ավելի  Ստամբուլը գտնվում էր՝ իր, հետո՝ իր ստեղծած կուսակցության հսկողության տակ, և 25 տարվա մեջ առաջին անգամ  կորցրեցին: Շատ հետաքրքրիր է Էքրեմ Իմամօղլուի կերպարը: Նա որոշ չափով նմանվում է երիտասարդ Էրդողանին: Նա էլ է Տրապիզոնի շրջակայքի գյուղերից, եկել է մայրաքաղաք, ֆուտբոլով է զբաղվել, առաջ գնացել, ավարտել է Ստամբուլի համալսարանը:

Ասում են՝ Պոնտոսի հույն է, ինչը նպաստեց նրա հաջողությանը: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ ստացել էր 13.000 ձայնից ավելի, ապա այս անգամ 800.000 ձայնից ավելի է ստացել:

Սա ծանր պարտություն է Էրդողանի համար և հետևանքներ կունենա Թուրքիայի քաղաքական կյանքում»,- նշեց բանախոսը:

Նրա փոխանցմամբ՝ կուժեղանան այն գործընթացները, որոնք տեղի են ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդերքում:

«Դավութօղլուն, Ալի Բաբաջանը, Գյուլը քննարկումներ են կատարում, և չի բացառվում, որ կստեղծվի նոր կուսակցություն, որտեղ կներառվեն կուսակցությունից դուրս եկած հեղինակավոր գործիչներ: Սա կլինի երկրորդ հարվածն Էրդողանին: Սա և՛ որպես անձի, և՛ որպես պետական-քաղաքական գործչի և կուսակցության հեղինակության անկման գործընթացի սկիզբն է: Երևաց, որ Թուրքիան հոգնել է նույն մարդկանցից: Նոր դեմքեր են պետք: 17 տարի է՝ իր կուսակցությունը ղեկավարում է Թուրքիան»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նկատեց՝ Էրդողանի դիրքի թուլացումը կարող է Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության վրա ազդել:

«Չեմ բացառում, որ դիրքերի թուլացումն Էրդողանին կստիպի դիմել իր հերթական ավանտյուրաներից մեկին: Նա կարող է Ադրբեջանին դրդել, որպեսզի պահվածքն էլ ավելի ագրեսիվ դարձնի, դիմի ավելի լայնածավալ ռազմական գործողությունների ու ցույց տա, որ օգնության ձեռք է մեկնում իր եղբորը, դաշնակցին, ու դրանով փորձի ազգայնամոլական տրամադրություններն ուժեղացնել Թուրքիայում ու դա օգտագործել իր  հեղինակությունը նորից վերականգնելու համար»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս