«Փայլուն» աշխատած կառավարությունը ձախողել է բյուջեի կատարումը. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի խոսում թերացումների մասին
«Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,- ելույթ ունենալով Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ի՞նչ ունենք մենք այս տարվա արդյունքներով մակրոտնտեսական առումով. այս տարվա արդյունքներով գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, այն դեպքում, երբ կառավարությունը` ընդունելով բյուջեի նախագիծը, կանխատեսել էր 4,5 տոկոս աճ։ Ի՞նչ խնդիր կա բյուջեի առումով. պետական բյուջեն չունի չկատարված որևէ պարտավորություն։ Մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է լիարժեքորեն։ Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում լիարժեք ապահովվել է բնականոն կյանքը երկրում»,- ասում է վարչապետը։
Թե ո՞րն է եղել կառավարության աշխատանքը փայլուն գնահատելու Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան, հավանաբար գիտի միայն ինքը։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել անցած տարի՝ ինչպես պետական բյուջեի կատարման, այնպես էլ՝ տնտեսության զարգացումների առումով, որևէ հիմք չեն տալիս այդպիսի գնահատական հնչեցնել կառավարության գործունեության վերաբերյալ։
«Փայլուն» աշխատած կառավարությունը պարզապես ձախողել է անցած տարվա պետական բյուջեի կատարումը։ Եվ այն, որ բյուջեն չունի չկատարված պարտավորություններ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լավ է։
Թերակատարվել են բյուջեի՝ ինչպես եկամուտները, այնպես էլ՝ ծախսերը։ Եթե եկամուտների թերակատարումն ինչ-որ իմաստով գուցե կարելի է հասկանալ, չհաշված, որ կառավարությունը հայտարարել էր մուտքերն էապես գերակատարելու մասին, ապա դժվար է արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել ծախսերի դեպքում։
Անցած տարի կառավարությունը չի կատարել պետական բյուջեով նախատեսված 80 մլրդ դրամի ծախս։ Դա համարժեք է շուրջ 165 մլն դոլարի։
Այսինքն` այդքան գումար պիտի մտներ տնտեսություն, բայց չի մտել։ Պատճառը կառավարությունն է, որ չի կարողացել ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը։
Եթե դա ֆինանսական միջոցներ չլինելու հետ կապված լիներ, դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ։ Բայց կառավարությունը նման խնդիր չի ունեցել ու այդ պայմաններում թերացել է կատարել բազմաթիվ ծախսեր, որոնք կարող էին նպաստել տնտեսական գործընթացների խթանմանը, հասարակության եկամուտների ավելացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը։։
165 մլն դոլարը փոքր գումար չէր Հայաստանի տնտեսության համար։ Հատկապես որ, իշխանափոխությունից հետո, «փայլուն» աշխատած կառավարության չպատճառաբանված գործողությունների հետևանքով ներդրումային կապիտալը հետ քաշվեց` տնտեսությանը թողնելով առանց ֆինանսական միջոցների։ Սառեցվեցին նույնիսկ գոյություն ունեցող ծրագրերը։
Եթե սա կարելի է «փայլուն» աշխատանք համարել, ապա թող համարեն։ Բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Փաստն այն է, որ անցած տարի պետական բյուջեի ծախսերի մի մեծ հատված չի կատարվել։ Ու ինչքան էլ տարօրինակ լինի, նույնը կատարվում է նաև այս տարի։ 2019թ. բյուջեի ծախսերը ևս էապես հետ են մնացել նախատեսված ժամանակացույցից, և դա կառավարության ոչ թե լավ, այլ չկանոնակարգված աշխատանքի հետևանք է, ինչից տուժում է տնտեսությունը։ Կառավարությունն ավելի շատ փող է հավաքում, քան վերադարձնում է ծախսերի տեսքով։
Սա լուրջ խնդիր է տնտեսության համար, ինչը հնարավորինս արագ պետք է հաղթահարել։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչի հետևանքով են ուշանում բյուջետային ծախսերը։
Ծախսերի թերակատարումը դարձել է մարտահրավեր տնտեսության համար, ինչին անհնար է մատների արանքով նայել։ Բայց կառավարությունը կարծես չի էլ շտապում։
Գանք մակրոտնտեսական ցուցանիշներին. անցած տարվա արդյունքներով գրանցվել է ավելի բարձր աճ, քան նախատեսված է եղել պետական բյուջեի նախագծով, ասում է Նիկոլ Փաշինյանը` մոռանալով, թե դա ինչի՞ հաշվին է ապահովվել, և որքա՞ն է եղել դրանում իր ղեկավարած կառավարության դերակատարությունը։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միտումնավոր չենք ցանկանում գնահատել կառավարության «փայլուն» աշխատանքը, անցած տարվա մակրոտնտեսական զարգացումները ներկայացնենք պաշտոնական վիճակագրական ցուցանիշներով։
Այսպես` անցած տարվա առաջին եռամսյակում կամ իշխանափոխությունից առաջ Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր` 9,9 տոկոս տնտեսական աճ։ Որքան էլ տնտեսությունն իներցիայով որոշակի ժամանակ սովորաբար շարունակում է առաջ գնալ` անկախ քաղաքական թե տնտեսական ցնցումներից, այնուհանդերձ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը չհաջողվեց խուսափել հետընթացից։
Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմեց 7,4 տոկոս` առաջինի համեմատ նահանջելով 2,5 կետով։ Այդ երևույթը գնալով ավելի խորացավ, և արդեն տարվա երկրորդ կեսին աճի միտումը էապես փոխվեց։
Երրորդ եռամսյակում գրանցվեց ընդամենը 2,5 տոկոս աճ, ինչը գրեթե չորս անգամ ցածր էր տարեսկզբի առաջին երեք ամիսների ցուցանիշից։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Աճի տեմպն էապես չփոխվեց նաև տարեվերջին. չորրորդ եռամսյակում այն կազմեց ընդամենը 3,4 տոկոս։
Ընդ որում, երկրորդ կիսամյակի ցուցանիշներում զգալի էր նախկինում չհաշվառված տնտեսության բացահայտման դերը, ինչը տեղի ունեցավ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Այս առումով կառավարությունն իսկապես առաջընթաց ունեցել է, և դա միանշանակ արտահայտվել է տնտեսական աճի ցուցանիշներում։ Տարբեր գնահատումներով՝ չհաշվառված տնտեսության բացահայտումը տնտեսական աճի վրա ունեցել է առնվազն 1 տոկոսային կետի ազդեցություն։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մակրոտնտեսական կայունության և արձանագրված 5,2 տոկոս տնտեսական աճի գործում լուրջ ազդեցություն է ունեցել հատկապես տարեսկզբի անհամեմատ բարձր ակտիվությունը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ո՞ւր կմնա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության «փայլուն» աշխատանքը։
Տնտեսության վերաբերյալ հայտարարություններ անելուց բացի, անցած տարի կառավարությանը չհաջողվեց որևէ լուրջ հաջողություն արձանագրել բոլոր առանցքային ուղղություններով։ Այսօր էլ ներդրումային ակնկալիքները, թռիչքային աճերը, տնտեսական հեղափոխությունները, շինարարական բումը մնացել են օդում կախված՝ որպես բարի ցանկություն։ Բայց բարի ցանկություններով հասարակության կյանքը չես բարելավի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ