«Դա դեռ սկիզբն է. Ադրբեջանը հետևողական պետական քաղաքականություն է վարում, ու թող ոչ ոք չթերագնահատի նրանց»
«Մենք Արցախի հարցում չունենք պետական ոչ միայն մոտեցում, այլև մշակված հայեցակարգ՝ ի տարբերություն Ադրբեջանի: Մինչ օրս քննարկումներ են գնում Հայաստանում՝ կապված նրա հետ, թե Արցախը անկախ պետությո՞ւն է, թե՞ Հայաստանի մարզ»,- կարծում է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Մենք նաև փախստականների հարցում չունենք պետական հայեցակարգ, մինչդեռ այն ճիշտ շեշտադրումներով ներկայացնելը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման բանալիներից մեկը: Ադրբեջանում հայերի ցեղասպանության օրինակի հիման վրա կարելի է համաշխարհային հանրությանը ներկայացնել ու ապացուցել ադրբեջանցի թուքրերի ու արցախահայերի՝ մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցության անհնարինությունը, և Կոսովոյի օրինակով հասնել մեր նպատակին: Մեր ճշմարտությունը պետք է հասցնենք աշխարհին»,- հավելեց ադրբեջանագետը:
Անդրադառնալով Ֆրանսիայի դատարանների կողմից անցած շաբաթ մեկը մյուսի հետևից կայացրած վճիռներին, որոնցով չեղյալ հայտարարվեցին Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հռչակագրերը, Գրիգորի Այվազյանը նշեց.
«Ի՞նչն է այստեղ զարմանալի, դա դեռ սկիզբն է: Ադրբեջանը հետևողական պետական քաղաքականություն է վարում, ու թող ոչ ոք չթերագնահատի նրանց: Ադրբեջանն ունի գերհզոր դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի, իսկ մենք մեր դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է զարգացնենք, որովհետև ընդդեմ մեզ գործում է ադրբեջանական մեքենան:
Դուք գիտե՞ք, որ ժամանակին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ՄԱԿ-ի կազմի մեջ էին մտնում, հայկական կողմն առարկություն չի ներկայացրել, երբ Ադրբեջանը հայտարարագրել է իր կազմում Արցախը, որն իր վերահսկողության տակ չէր, և Նախիջևանը, որը, ըստ միջազգային փաստաթղթերի՝ նրան չի պատկանում: Ահա, այսպիսի մեծ խնդիրներ կան: Խնդիր է նաև այն, որ Արցախն ու Հայաստանն անգամ պաշտոնապես չեն ճանաչել Ադրբեջանում 1988-92թթ. Կատարվածը՝ որպես ցեղասպանություն. այս դեպքում ինչպե՞ս կարող ենք արտաքին աշխարհում մեր շահերը պաշտպանել:
Պետք է նաև հասկանանք, որ Արցախն անգամ ՀՀ-ի կողմից ճանաչված չէ: Կարող էինք ճանաչել Արցախը, հետո օրինականորեն մասնակցել բանակցային գործընթացին, ներկայացնել Արցախը:
Վերջերս Կառավարությունում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ: Այս կառավարությունում կա տեղեկատվության և քարոզչության նախարարության պակասը, որը պետք է մշակեր ու իրագործեր կարևոր հարցերի վերաբերյալ հայեցակարգերը: Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող երկրում 30 տարիների ընթացքում ադրբեջանագիտություն չկա, ադրբեջանագիտական կենտրոններ չկան, իսկ Ադրբեջանում կան հայագիտական կենտրոններ: Թուրքիայից մասնագետներ են հրավիրում: Մենք պետք է հասկանանք, որ նրանց հետ խաղաղությունն անհնար է»:
Անի Կարապետյան