«Ականները չէին խանգարում Արցախում կես միլիոն ադրբեջանահայերի բնակեցմանը»
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը»,- այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
2020թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:
«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով՝ վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումն ապահովելու հարցում»,- ասել է Քոքսը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանն այս առնչությամբ ասաց.
«Մենք ունենք Արցախի հարց, որտեղ համարվում է, որ 150.000 բնակչություն կա, բայց գոյություն ունեն նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներ՝ ադրբեջանահայեր, որոնք, եթե ստանային Արցախի քաղաքացիություն, ապա բանակցային սեղանի շուրջ արդեն կխոսեին 150.000 Արցախի բնակիչների ու ավելի քան կես միլիոն ադրբեջանահայերի մասին, ովքեր նույնպես Արցախի քաղաքացիներ են:
Անդրադառնալով ականազերծմանը՝ հուսով եմ, որ խոսքը չի գնում Ադրբեջանի հետ ուղղակի շփման գծի մասին: Համոզված եմ, որ դրանք հին ականներ են:
Ինչ վերաբերում է խոսակցություններին՝ այդ տեղերում փախստականների բնակեցնելու մասին, ապա Արցախը գրեթե Կոսովոյի տարածքի չափ է, բայց այնտեղ երեք միլիոն բնակիչ կա, ոչ թե հազիվ 150.000: Ականները չէին խանգարում, որ այդ տարածքները վերաբնակեցնեին: Դրա ժամանակը վաղուց եկել է»:
Անի Կարապետյան