«Հետաքրքիր է՝ Դատախազությունը քանի՞ անգամ է բողոքարկել քրեական գործի վարույթի կասեցման և ՍԴ դիմելու որոշումները». Արամ Վարդևանյան

«Մի քանի շեշտադրումներ արձանագրենք ու ըստ դրա՝ նաև անդրադառնանք զարգացումներին։ Սահմանադրության և օրենսդրության տրամաբանության ներքո դատարանի կողմից դատական վարույթի կասեցումն ու Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելն ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ։ Այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակի կասեցման երևույթի հետ»,- այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանում (ՍԴ) վերջինիս շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ օրենսդիրը սահմանել է, որ միայն մեկ դեպքում կարող է գործի վարույթը նման դեպքում վերսկսվել՝ երբ կա ՍԴ որոշում, քանի որ որևէ այլ մարմին սահմանադրականության վերաբերյալ լուծում չի կարող տալ։

Ա. Վարդևանյանն անդրադարձավ նաև դատարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտեցմանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Gepostet von Sputnik Արմենիա am Freitag, 21. Juni 2019

«Նա ասաց, որ ՍԴ-ն 2019թ. մի քանի որոշումներով իբրև անդրադարձ է կատարել դատարանների կողմից սահմանադրական մեկնաբանման հարցին, և իբրև Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, եռաստիճան դատական համակարգում քննության առիթ դառնալով, որևէ խնդիր չի արձանագրվել»։

Սակայն, ինչպես նշեց սահմանադրագետը, 2019թ. հունվարին ՍԴ-ի թիվ 7 աշխատակարգային որոշումը վերաբերում էր ոչ թե անձեռնմխելիության և Քրօր 300.1 հոդվածին, այլ մեկ տեխնիկական հարցադրման. Արդյո՞ք դատարանները կարող են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ, և արդյո՞ք կարող են առհասարակ մեկնաբանել սահմանադրական նորմերը։

«ՍԴ-ն դրա վերաբերյալ արձանագրեց, որ դատարանները, որպեսզի բացահայտեն՝ արդյո՞ք կա սահմանադրականության խնդիր, թե՞ ոչ, կարող են մեկնաբանել սահմանադրական նորմեր, բայց այդ մեկանաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն։ Սրանից ենթադրվում է, որ այնպիսի հետևանք, ինչպիսին ունենում են ՍԴ որոշումները, չեն կարող ունենալ։ 2019թ. մայիսի 7-ին ՍԴ-ն կրկին անդրադարձավ այս հարցին՝ նշելով էլ ավելի առանցքային մի հանգամանք, հստակ ընդգծելով, որ դատարանները ոչ թե հայեցողություն ունեն պարզելու՝ արդյո՞ք սահմանադրականության խնդիր կա, թե՞ ոչ, եթե նման հիմքեր կան, այլ պարտավոր են դիմել ՍԴ»,- ասաց Ա. Վարդևանյանը՝ նշելով, որ դատարանն այլ ելք չուներ, քան ՍԴ դիմելը, որովհետև այստեղ կար 300.1 հոդվածի և անձեռնմխելիության հիմնավոր կասկած։

Նա տարակուսեց նաև, թե ինչպես կարող է Վերաքննիչ դատարանը մեկնաբանել՝ սահմանադրականության խնդիր կա՞, թե՞ ոչ, նաև մոտ օրերս կներկայացվի պաշտոնական պատասխան, թե այսքան տարիների ընթացքում Դատախազությունը քանի՞ անգամ է բողոքարկել քրեական գործի վարույթի կասեցման և ՍԴ դիմելու որոշումները։

«Ես ձեզ կցանկանամ հայտնել, որ նման դեպք չի եղել, և չի եղել ոչ թե՝ որովհետև կամք ու ցանկություն չի եղել, այլ չի եղել, որովհետև դա չեն բողոքարկում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, կցանկանար լսել Դատախազության դիրքորոշումն այն հարցի շուրջ, թե ի՞նչ է լինում, երբ Վճռաբեկն է գործը կասեցնում ու ուղարկում ՍԴ։ Չէ՞ որ Դատախազությունն այդ ժամանակ արդեն զրկվում է բողոքարկման իրավունքից, քանի որ Վճռաբեկից այն կողմ դատարան մենք չունենք։ Միգուցե սա հակասահմանադրակա՞ն իրավիճակ է։

Անդրադարձ կատարվեց նաև ՍԴ-ում այս փուլում նախնական ուսումնասիրման կարգավիճակում գտնվող դատարանի կողմից ներկայացված դիմումի ընթացքին։

«Կարծում եմ՝ բոլորդ տեղյակ եք, որ դատարանը մեկ ամսով երկարաձգեց նախնական ուսումնասիրման ժամկետը։ Սա մեծ ժամկետ է և ևս մեկ ազդակ պետք է հանդիսանար կասեցնելու որոշման հիմնավորվածության տեսանկյունից, քանի որ, եթե ամեն ինչ այդքան պարզ էր, առավելագույնը 10 օրը բավական կլիներ լրացուցիչ ուսումնասիրման համար։ Ավա՜ղ, մեղադրական կողմից ոչ ոք դրան անդրադարձ չկատարեց, որը կբխեր օրինականության սկզբունքի հրամայականից»,- նկատեց Արամ Վարդևանյանը։

Խոսելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ ԱԺ-ում ունեցած երդման տեքստի ու իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարության մասին, սահմանադրագետը նշեց, որ այն շատ իրավաբանների համար էլ գրեթե մեկնաբանելի չէ, բայց ասաց, որ կցանկանար անդրադառնալ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի դիտարկմանը, ով խոսելով Վ. Գրիգորյանի հայտարարության մասին՝ ասել էր, որ ոչ բոլոր մտքերն են, որ պետք է քննարկման առարկա դառնան։

 

Տեսանյութեր

Լրահոս