Բաժիններ՝

«Կարծում եմ՝ այստեղ նաև տեղեկատվական վակուում կա». Ինչու են ցուցարարները շարունակում բողոքի ակցիաները ՀՕ դեմ

Այսօր ԱԺ շենքի առջև կրկին բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման: «Ոչ համահարթ հարկմանը», «Հավասարությունը դեռ արդարություն չէ» և այլ պաստառներով ցուցարարները կոչ են անում պատգամավորներին դեմ արտահայտվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գլխադասային հանդիսացող ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բազմիցս շահառու տարբեր խմբերի հետ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ «Ո՛չ համահարթին» նախաձեռնության կազմակերպիչների հետ:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ դրանց արդյունքում ՀՕ-ում տեղի են ունեցել մի քանի էական բարելավումներ:

Ա.Մանուկյանը նկատեց, որ յուրաքանչյուր ցուցարար ՀՀ քաղաքացի է, անկախ նրա դրդապատճառներից, և իշխանությունների բացթողումն է, եթե չեն կարողանում տեղեկատվությունն այդ մարդկանց ավելի լավ հրամցնել.

«Կարծում եմ՝ այստեղ նաև տեղեկատվական վակուում կա, որովհետև շատ հաճախ կիրառվում է 23%-ը 23%-ի հետ է համեմատվում, մինչդեռ Հարկային օրենսգրքով մինչև 2023 թ. հունվարի 1-ը ամեն տարի 1%-ով հարկային դրույքաչափերի նվազեցում է նախատեսվում: Այսինքն՝ եթե առաջին տարում որոշակիորեն սոցիալական արդարության տեսանկյունից կարող ենք դիտարկել, որ խնդրահարույց է, բայց ժամանակահատվածի ընթացքում ինքը, ըստ էության, ազդելու է նաև մինչև 150 հազար դրամ ստացողների վրա: Եվ ամենակարևորը՝ մենք վստահեցնում ենք, որ գույքահարկի առումով ևս ռեֆորմներ կլինեն, որը միտված կլինի նաև սոցիալական արդարությունը վերականգնելուն»:

Ա.Մանուկյանը նկատեց, որ գաղտնիք չէ, որ Մոնումենտում առանձնատներ կան, որոնք բավականաչափ շքեղ են, բայց դրանց կադաստրային արժեքը, որի հիման վրա գնահատվում է, ինչ-որ մեկի թեթև ձեռքով՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, բայց էականորեն շատ ավելի ցածր գույքահարկ են վճարում, քան համանման այլ գույքը:

Պատգամավորի խոսքով՝ երբ վերանայում արվի և մոտեցվի շուկայական արժեքին, սա ևս հարստության հարկման մասով հավելյալ ազդակ է, գործոն է, որը կարելի է դիտարկել, որ այդ եկամուտների գեներացումը պետք է փորձեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ավելի առաջանցիկ և թիրախավորված ծրագրերի միջոցով ծախսային առումով նվազեցնել խզումը, որը կա, կամ կարող է առաջին պահին այնքան դրական չանդրադառնալ այն խավի վրա, որը առաջին տարում 150 հազար է ստանում և գտնվում է 23% հարկման շեմին:

Թե ի՞նչ կլիներ, եթե որևէ փոփոխություն չարվեր, Ա.Մանուկյանը կարծում է, որ կշարունակեր գործել 58.35 մլն դրամի շեմը, մինչդեռ բիզնեսն ամեն օր մտահոգություն է հայտնում, որ արդեն մոտեցել է 58 մլն դրամի շեմին:

Նրա խոսքով՝ կառավարության նախընտրական ծրագրում գրված էր, որ այս շեմը պետք է վերանայվի և, մարդիկ իրենց վարքագիծը փոխելով՝ ավելի թափանցիկ են դարձրել իրենց շրջանառությունը. «Եվ եթե մենք մի փոքր էլ ուշացնենք այս Հարկային օրենսգրքի փաթեթի քննարկումն ու ընդունումը, մենք այս մարդուն ասում ենք՝ կա՛մ դադարի ՀԴՄ խփել, կա՛մ գնա և դարձիր ԱԱՀ վճարող՝ դրանից բխող հետևանքներով»:

Անդրադառնալով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող, հիմնականում՝ մարզային տեղաբաշխում ունեցող օբյեկտներին՝ Ա.Մանուկյանը նշեց, որ դրանք կարողանում են մի աշխատող հայտարարագրել և 5000 դրամ նրա համար վճարել, և եթե 24 մլն դրամը բաժանվի այդ մի աշխատողի հաշվով, դա կկազմի 0.3% հարկ: Պատգամավորի խոսքով՝ կարելի է հարցադրում անել՝ իսկ արդա՞ր է, որ համանման գործունեություն իրականացնողը մարզում վճարի 0.3%, իսկ ավելի խոշոր չափերի սուբյեկտն ավելի մեծ հարկային բեռ կրի. «Կարծում եմ՝ անարդար է, բայց այստեղ կարևորվում է պետության սոցիալական գործառույթը, որը նմանատիպ նախագծերով փորձ է արվում իրականացնել»:

Ա.Մանուկյանը նշեց, որ այլ տարբեր բարեփոխումներ են իրականացվում ՀՕ-ով, որոնք կարող են մանր թվալ, բայց դրանք ընդհանուր ՀՕ տեսանկյունից դիտարկելիս՝ միտված են ավելի պարզեցված հարաբերությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս