«Իրան-ԱՄՆ հակամարտության վերաբերյալ իրավիճակային լուծումները մեզ հեռուն չեն տանի, պետք է լինի հստակ և ծրագրված քաղաքականություն». Իրանագետ

Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտությունը վերաբերում է՝ ինչպես տարածաշրջանին, այնպես էլ՝ Հայաստանին ու Արցախին, ուստի Իրանի ներգրավմամբ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծվող խառնաշփոթից և Արցախյան ճակատում դիմել ռազմական ավանտյուրայի: Նման մտահոգություն էր հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս համատեքստում անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և  փակ ձևաչափով քննարկել հարցը:

Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ քաղաքական տարբեր գործիչներ և փորձագետներ հայտարարում են, որ Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում Հայաստանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ստրատեգիական նշանակությունը։

168.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

– Պարոն Ոսկանյան, Իրան-ԱՄՆ հակամարտությունն ի՞նչ փուլում է, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում հակամարտության շուրջ։

– Այս հակամարտությունը զարգանում է վերընթաց կորագծով և այս իմաստով երկու կողմերն էլ կարծես թե խստացնում են իրենց հռետորաբանությունը և փորձում են գործողությունների տիրույթում որոշակի քայլեր իրականացնել։ Այս համատեքստում այժմ լարվածության մշտական աճի միտումներ կան։ Իրանն իր հերթին՝ հայտարարում է, որ միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների մի մասը կարող է վերանայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների անդադար պատժամիջոցների արդյունքում ստեղծված իրավիճակի համար լուծում չի գտնվում, մասնավորապես՝ ԵՄ երկրների կողմից։ Խոսքը վերաբերում է Եվրամիության երկրների կողմից  և Իրանի առևտրի,  ընդհանրապես տնտեսական հարաբերությունների համար նախատեսված ֆինանսական մեխանիզմների ստեղծմանը։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն առայժմ որևէ իրական փաստ չներկայացնելով՝ Իրանին մեղադրում է ԱՄԷ-ի ափերի մոտ նավթային լցանավերի պայթյունների մեջ, ինչը շատ նման է այն իրավիճակին, երբ ժամանակին ԱՄՆ պետքարտուղարն ինչ-որ հեղուկ էր ցույց տալիս՝ մեղադրելով Իրաքին։ Եթե գնահատենք այսօրվա հակամարտության աստիճանը, ապա ինչ-որ առումով սա կարելի է կոչել աննախադեպ։ Կարծում եմ՝ կողմերն ունեն այնքան ողջամտություն, որպեսզի չգնան լայնամասշտաբ բախումների, չնայած դրան՝ տեղային որոշակի բախումների ռիսկեր այս պահին կառավարելի չեն, հատկապես խոսքը Պարսից ծոցի տարածաշրջանի մասին է։

– Այս հակամարտության  վերաբերյալ պաշտոնական մակարդակով ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը։

– Կարծում եմ՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը պետք է արտահայտեն համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Պետք է նշեմ, որ Իրանի հետ առնչվող ցանկացած խնդիր, եթե ոչ՝ ուղղակիորեն, ապա առնվազն անուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի վրա։ Այս իմաստով Իրանում և Իրանի շուրջ զարգացումները մեզ համար ունեն հսկայական նշանակություն, չեմ վախենա այս բնորոշումից։

Հետևաբար` Հայաստանը ոչ միայն՝ ակնդետ պետք է հետևի զարգացումների ողջ ընթացքին և տրամաբանությանը, այլև ինչ-որ առումով՝ գերակտիվ քաղաքական ուղեգիծ որդեգրի, որովհետև Հայաստան-Իրան հարաբերությունները մեր պետության համար ունեն կենսական նշանակություն` հաշվի առնելով մի շարք բաղադրիչներ, որոնց մեջ կա նաև անվտանգային բաղադրիչը։ Ուստի Իրանի վերաբերյալ դիրքորոշումները և դրանց հստակ ներկայացումը չափազանց կարևոր է մեր երկրի շահերի տեսանկյունից։

Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ Հայաստանը գործընկերային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և այս իմաստով՝ պետք է փաստացիորեն աշխատենք երկու «ճակատում», մեկը՝ Իրանի, մյուսը՝ ԱՄՆ-ի հետ, և մեր քաղաքականությունը երկու ուղղություններով էլ պետք է լինի գերակտիվ, որպեսզի Հայաստանը կարողանա հետամուտ լինել իր պետական և անվտանգային շահերին տարածաշրջանում։

– Որպես Հայաստանի բարեկամ երկիր՝ Իրանն այս հակամարտության վերաբերյալ Հայաստանից ի՞նչ արձագանք է սպասում։

– Իրանն այժմ աջակցության կարիք ունի, նաև միջազգային զանազան կառույցների շրջանակներում։ Կարծում եմ՝ այդ աջակցությունն այսօր,  ինչ-որ առումով խորհրդանշական իմաստով չափազանց կարևոր է Իրանի համար՝ նույնիսկ ուղերձների մակարդակով։ Այդպիսի ուղերձներով մենք կարող ենք ավելի դրական ֆոն ապահովել Իրանի ներսում, նույնիսկ՝ ոչ միայն պետական շրջանակների տեսանկյունից, այլև՝ հասարակական զանազան խավերի մեջ։

Այս առումով մենք պետք է ունենանք հստակ և ծրագրված քաղաքականություն։ Առանց հստակ քայլերի հաջորդականության՝ իրավիճակային լուծումները մեզ հեռուն չեն տանի։

– ՀՀ կառավարության մակարդակով նման քայլերի հաջորդականություն տեսնո՞ւմ եք։

– Բաց, ԶԼՄ-ի տիրույթում կարծեք թե ինչ-որ ծրագիր` կապված Իրանի հետ, չի քննարկվում, չգիտեմ` գուցե փակ հատվածում նման խնդիրներ արծարծվում է կամ չի արծարծվում, պետք է պետական կառույցները պատասխանեն։

– Արմեն Աշոտյանն առաջարկել է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվի և փակ ձևաչափով քննարկվի Հայաստանի անելիքներն այս հակամարտության վերաբերյալ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք՝ առաջարկի հետ կապված։

– Ընդհանուր առմամբ Հայաստանն ունի, այսպես ասած, բազմաթիվ մեխանիզմներ՝ առնվազն հետամուտ լինելու, քննարկելու, և այդ առաջարկը նշված մեխանիզմներից մեկի կիրառությանն է վերաբերում։

Նախ՝ մենք պետք է ունենանք չափազանց կարևոր մի գործիք, առնվազն՝ հստակ տեղեկատվություն Իրանում և Իրանի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ, այնպիսի տեղեկատվություն, որը բաց աղբյուրներում չկա և կարող է ստացվել մեր գործընկերների հետ դիվանագիտական կամ այլ ոլորտներում աշխատանքի արդյունքում։ Խոսքը վերաբերում է տեղեկատվությանը թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ Իրանից ու երրորդ խաղացողներից։

Օրինակ՝ Հայաստանն ունի  դաշնակցական հարաբերություններ Ռուսաստանի հետ, և ԱՄՆ պետքարտուղարի այնտեղ կատարած վերջին այցի ընթացքում, բնականաբար, քննարկել է նաև իրանական խնդիրը, հետևաբար՝ այստեղից էլ մենք կարող ենք ստանալ առաջին ձեռքից որոշակի տեղեկատվություն, որի համալիր վերլուծության արդյունքում միայն Հայաստանը պետք է հստակեցնի իր քայլերի հաջորդականությունը։

Մեկ բան ակնհայտ է, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը չի բխում մեր պետության շահերից, և մեզ համար առաջանում է որոշակի ռիսկային իրավիճակներ։ Մյուս կողմից էլ՝ ամեն բացասականի մեջ պետք է փնտրել դրականը։ ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը Հայաստանի համար բացում է նոր հնարավորություններ Իրանի հետ, հատկապես՝ տնտեսական ոլորտում համագործակցելու և դրանից զգալի օգուտներ քաղելու համար։ Հետևաբար, եթե Հայաստանն օգտվի այդ հնարավորություններից, ապա իրավիճակը կարող է օգտագործել իր շահի համար։

– Հաշվի առնելով Արցախի հարցը՝ Իրան-ԱՄՆ հակամարտության սրացումը որքանո՞վ է ձեռնտու Ադրբեջանին, կոնֆլիկտի հնարավոր սրացման դեպքում իրավիճակն ինչպե՞ս կարող է օգտագործել Ադրբեջանը։

– Իրանի ներկայությունը տարածաշրջանի մի շարք հատվածներում զսպող դեր է կատարում, դրանցից մեկն Արդրբեջանն է։ Եթե մի պահ պատկերացնենք լայնածավալ պատերազմի մեջ ներքաշված ու թուլացած Իրան, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը բավականին ազատ ռեսուրսներ կունենա մեր դեմ կիրառելու։ Հետևաբար՝  հզոր ու միասնական Իրանի գոյությունն այս տարածաշրջանում բխում է նաև մեր երկրի պետական շահերից։ Այս առումով թե՛ մենք ենք զսպող Ադրբեջանին՝ ապահովելով Իրանի պետական շահերի մի հատվածը, թե՛ Իրանը, որն ունի զսպող դերակատարություն՝ ապահովելով մեր շահերի մի հատվածը։ Ուստի, այս տարածաշրջանում Հայաստանն ու Իրանն Ադրբեջանին զսպելու համատեքստում, ինչ-որ առումով, փոխլրացնում են միմյանց։

Մյուս կողմից՝ գիտենք, որ Արցախի Հանրապետության միակ արտաքին սահմանը, Հայաստանի հետ սահմանը հաշվի չառնելով, անցնում է Իրանի հետ, և այս իմաստով Իրանի կայուն գոյությունը բխում է նաև Արցախի և ընդհանրապես Արցախի հիմնահարցի՝ մեզ համար շահավետ հանգուցալուծման դիրքերից։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս