Որն է նշանադրության խորհուրդը
Նշանադրությունը հանդիսանում է պսակի նախօրհնությունը, որը կատարում է Եկեղեցին՝ վկաների ներկայությամբ՝ ցույց տալով, որ օրիորդն արդեն իր ընտրյալն ունի, և ոչ ոք այլևս իրավունք չունի նրա համար խնամախոս գնալ և որևէ նշան տալ:
Նշանադրության իմաստը «Մաշտոց»-ում հետևյալ կերպ է բացատրվում. «Նշանն է սկիզբն պսակին. զի զոր օրինակ, ծառն նախ ծաղկի եւ ապա պտղաբերի. նոյնպէս փեսայն եւ հարսն նախ ծաղկին նշանաւն, եւ ապա պտղաբերին պսակաւն: Արդ՝ պարտ է քահանային նախ քննել եւ ընտրել կանոնօք զփեսայն, եւ զհարսն, զի մի՛ լիցին հոգեւոր կամ մարմնաւոր ազգակիցք, եւ մի՛ աննմանք միմեանց, որպէս կոյս ընդ այրւոյ, եւ կամ մանուկ ընդ պառաւոյ: Այլ՝ լիցի փեսայն առնուազն տասնեւութ եւ հարսն հնգետասան կամ վեցտասան ամաց: Եւ նստուցանեն ի վերայ աթոռոյ հանդէպ միմեանց, եւ ո՛չ ի ծածուկ հեթանոսաբար: Եւ դիցեն ի վերայ սկտեղի առաջի փեսային զնշանսն՝ մատանի, ապարանջան, գինդ, կարմիր շար և քող: Մատանին եդեալ ի չորրորդ մատն որ ունի զերակ սրտին, ցուցանէ թէ հարսն սրտիւ հաւանեցաւ փեսային. ապարանջանն ի ձեռսն ցուցանէ թէ՝ ձեռօքն կապեցաւ ի հնազանդութիւն առն. գինդն ցուցանէ թէ՝ ականջօքն լուաւ եւ մտօքն (սրտիւն) հաւանեցաւ: Եւ գինդն եւ մատանին բոլոր է. զբոլոր հաւանումն սրտին եւ կամացն նշանակէ: Կարմիր շարն ու քօղն նշանակէն թէ՝ ճշմարտապես հարսնացաւ մանկանն որում նշանացաւ:
Քահանան յոտն կացեալ մեկնեսցէ զխորհուրդ նշանին, զի ոչ եթէ գեղջուկ իմն նորաձեւութիւն է այս, այլ ի խորհուրդ կենսաբեր աւետեացն Գաբրիէլի առ կոյսն Մարիամ»:
Նշանադրության խորհուրդը շատ հին ավանդություն է, որը երևում է նահապետական ընտանիքների մեջ: Դրա վառ օրինակը Աբրահամն է, որը իր ծառային ուղարկում է, որպեսզի իր որդի Իսահակի համար կին գտնի: Որն էլ հարսնացու գտնելուց հետո նրան նվիրում է գինդեր և ապարանջան, որը նշան է հավանության և սիրո (Ծննդոց ԻԴ 15-22):
Փեսայի և հարսնացուի ազգականները պարտավոր էին քահանայի հետ միասին սահմանել հարսնացուի հանդիպման օրերը՝ նպատակ ունենալով նշանադրության օրինականացմանը: Քահանան վերոհիշյալ արարողությունների անմիջական կրողն էր, ղեկավարը և վկան: Քահանայի մասնակցությունը պայմանավորված էր աշխարհական կենցաղի կարգավորման, եկեղեցական կարգի պահպանման, նշանադրության պայմանների և պսակի անհրաժեշտությամբ:
Իրավական առումով նշանը հայերենում իմաստավորված է՝ նշանադրության ժամանակ փեսացուի և հարսնացուի՝ փոխադարձաբար իրար տված մատանի կամ այլ զարդ՝ իբրև հավաստիք նշանադրության:
Եկեղեցական կանոններում կա մի կետ, ուր խոսվում է ծնողների պարտադրանքով ամուսնությունը խափանելու և փոխադարձ հաճությամբ ամուսնության մասին, դրանք Սահակ Պարթևի Իէ, Ներսես կաթողիկոսի և Ներշապուհ եպիսկոպոսի ԻԴ կանոններն են:
Աստծո որոշած հիմնական սկզբունքը, այսինքն՝ նմանությունը, կարող է լինել մարմնավոր և հոգևոր, որոնցից բխում են երկու կարգի պայմաններ՝ մարմնավոր կանոնավորություն և հոգեկան կյանքի համեմատություն: Առաջինի մեջ մտնում են առողջությունը, հասությունը և չափահասությունը, երկրորդինը՝ միահավասարությունը, ամուրիությունը և փոխադարձ սերը:
Մարմնավոր կանոնավորությունը անհրաժեշտ է ամուսնական կապակցության համար, քանի որ առողջությունը պետք է այնքան նպաստավոր լինի, որ արգելք չդառնա կենակցության, ինչպես լինում է անբուժելի ցավերի ժամանակ, որպիսիներից է խելագարությունը: Հասունությունն էլ է անհրաժեշտ պայման, թե՛ բժշկական, առողջապահական, այսինքն՝ մարմնապես և հոգեպես առողջ սերունդ ունենալու, և թե՛ սիրո ու բարոյականության գաղափարի հաստատության տեսակետից:
Շատ կարևոր է նշանադրության դադարման և նրա իրավական հետևանքների կարգավորման խնդիրների քննարկումը: Նշանադրությամբ կողմերի համար սահմանվող գլխավոր պարտականությունը միմյանց հետ ամուսնանալն էր: Պատահում էր, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները վտանգում էին պարտավորության կատարումը, և նշանադրությունը դատապարտվում էր «մահվան»: Նշանադրության դատապարտման հիմք էր հանդիսանում փեսացուի կնոջ մահը: Սակայն մեր կանոնական իրավունքի, ազգագրության նյութերը հավաստում են, որ հին սովորույթի համաձայն տուժած կողմը չէր հաշտվում այս մտքի հետ, և մահացածին փոխարինում էին նրա քրոջով կամ եղբորով: Կանոնական իրավունքը դատապարտեց այդ սովորույթը և եռանդուն պայքար ծավալեց այն վերացնելու համար:
Կողմերից մեկի մահվան հետևանքով նշանադրության դադարումն առաջացնում էր գույքային-իրավական հետևանքներ: Եթե մահանում էր փեսացուն և եթե վերջինս տեսել ու համբուրել էր կնոջը, մահացածի հարազատները կարող էին հարսնացուից պահանջել «զկեսն իրաց», իսկ մյուս կեսը մնում էր կնոջն ու հարազատներին: Իսկ եթե փեսացուն չի տեսել ու չի համբուրել հարսնացուին, և նշանադրությունը կայացվել է բարեկամների միջնորդությամբ, աղջիկը պարտավոր էր վերադարձնել այն ամենը, ինչ ստացել էր փեսացուից և նրա ազգականներից:
Հարսնացուի մահանալու դեպքում՝ «առնուայրն կամ ազգականքն զամենայն տունեալն»:
Մյուս փաստը, որի հետևանքով կարող էր դադարել նշանադրությունը՝ պսակադրությունից հրաժարվելն էր: Նման վարքը տղամարդու կամ կնոջ կողմից բնավ չէր խրախուսվում:
Բարսեղ Կեսարացու կանոնախմբի մի կանոնի մեջ ասվում է. «Թե ոք խաւսեալ իցէ կին հաստատութեամբ քահանային և այլում առն տացեն՝ նզովեալ լիցի. եւ կինն այրի կոչեսցի եւ պսակն անվաւեր եղիցի»: Եթե փեսացուն հրաժարվում էր հարսնացուից, ապա նա զրկվում էր նշանադրության կապակցությամբ հարսնացուին հանձնած նյութական արժեքները պահանջելու իրավունքից:
Այսպիսով, ընդհանրացնելով նշանադրության մասին մեր գիտելիքները եզրակացնում ենք, որ դարերի ընթացքում միշտ էլ կարևոր է եղել Եկեղեցու դերը նշանադրության և պսակի հարցերում:
Պատրաստեց Օֆելյա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ