Բաժիններ՝

«Եթե ամեն ինչ լավ է, կարո՞ղ է` հավայի ենք ճանապարհը փակել». Մարմարաշանցիները բացել են ճանապարհը, սակայն բանակցությունների արդյունքից գոհ չեն

Այսօր  կեսօրին Արարատի մարզ Մարմարաշեն համայնքի բնակիչներն ի նշան բողոքի՝ փակել էին Երևան-Արտաշատ ավտոճանապարհը, քանի որ գյուղում գործող խոզաբուծարանի գարշահոտությունն արդեն երեք տարի տարածվում է ամբողջ գյուղում, իսկ պատկան մարմինները և սեփականատերերը քայլեր չեն ձեռնարկում։

168.am-ին Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը փոխանցեց, որ բնակիչներն արդեն ճանապարհը բացել են, այն փակ է եղել մոտավորապես մեկ ժամ։

«Սա ակցիա էր, որը կիրառվեց այն բանի համար, որ խոզաբուծարանի տնօրենները պայմանավորվել էին, որ խնդրի առնչությամբ պետք է գային բնակիչների հետ բանակցելու։ Հանդիպումը պետք է կայանար ժամը 11։00-ին, սակայն նրանք չեկան, մեկ ժամ սպասելուց հետո բնակիչերը ստիպված փակեցին ճանապարհը։ Միայն դրանից հետո խոզաբուծարանի սեփականատերը բարեհաճեց գալ»,- ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ խոզաբուծարանի սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքն այդպես էլ անորոշ է մնացել, քանի որ ընդhանուր համաձայնության չեն եկել, խոզաբուծարանի սեփականատերը հայտարարել է, որ իրենք աշխատում են՝ պահպանելով բոլոր նորմերը, ուստի չեն վնասում բնակիչներին։

«Բայց փաստ է, որ խոզաբուծարանի ամբողջ թաղամասը գարշահոտությունից չի կարողանում շնչել, եթե ամեն ինչ լավ է, կարո՞ղ է` հավայի ենք ճանապարհը փակել։ Համայնքի ղեկավար եմ ու վստահաբար ասում եմ, որ գարշահոտությունը սարսափելի է, չենք կարողանում  բակում նստել, հատկապես այն ժամերին, երբ խոզաբուծարանը բացում ու մաքրություն են անում։ Ակցիայի ժամանակ, որպես համայնքի ղեկավար, բնակիչների կողքին եմ եղել և նրանց հետ փակել ճանապարհը, որովհետև բնակիչների պահանջն արդարացի է»,- հավելեց Էդվարդ Հակոբյանը։

Ըստ նրա՝ խոզաբուժարանի սեփականատերը մարմարաշենցիներին բազմիցս խոստացել է, որ  տարածքը չեն աղտոտի ու գարշահոտությունը կվերացնեն, սակայն խոստումը չի կատարել։ Ուստի այսօր պարտավոր են խոզաբուծարանը հանել գյուղից։

Համայնքապետն էլ խորհուրդ է տալիս, որ խոզերի փոխարեն՝ կարող են, օրինակ՝ խոշոր եղջերավոր կամ նապաստակ պահել։

«Արդեն պայմանավորվել եմ Արարատի մարզպետի հետ, որպեսզի մարզպետարանի համապատասխան վարչությունների մասնագետների միջոցով ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որպեսզի կարողանանք օրինական քայլերի միջոցով հարցը լուծել։ Մասնագետը կարող է գնալ ու ստուգել, թե ինչու է գարշահոտություն գալիս, որից հետո էլ կհասկանանք՝ ինչ անել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ովքե՞ր են խոզաբուծարանի սեփականատերերը, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ մինչև ակցիայի սկսելը գիտեին, որ այն պատկանում է նախկին ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին՝ «Չերիի Վահանին», սակայն ակցիայի ավարտից հետո պարզել են, որ այն ուրիշ սեփականատեր ունի, քանի որ բնակիչների հետ բանակցելու է գնացել Կատրինա Մինասյան անունով կին և հայտարարել, որ ինքն է խոզաբուծարանի սեփականատերը։

Նա նաև նշեց, որ գյուղից խոզաբուծարանում աշխատողներ չկան, աշխատում է միայն մեկ ընտանիք, որը գյուղ է տեղափոխվել կա՛մ Տավուշի, կա՛մ Լոռու մարզերից։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս