Բաժիններ՝

«Ռուբեն Խաչատրյանը դաժանաբար սպանել է առյուծների». «Ջամբո»-ի սեփականատեր

«Մեր պայքարը ոչ մի շահ չունի, ոչ մի ակնկալիք չունի: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա: Մեր պայքարը կվերջանա այն դեպքում, երբ բերեն կենդանասեր, հասկացող տնօրենի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ջամբո»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը:

«Իրենք ոչ մի ճիշտ բան չեն ասում, միակ ճիշտն այն է, որ մեր գումարով սարքել են գեղեցիկ տարածք, ճիշտ է, դրսից սիրուն է, բայց անգրագետ է կառուցված, բայց թե ինչ է կատարվում մեջը… դոմինանտ կենդանիներին գցում են փոքրերի հետ, ու ոչ մեկը ձայն չի հանում: 2011 թվականից հետո ի՞նչ է եղել, բացի այն, որ կենդանիների կեսը չկան: Մեծ մասը փոխանակել կամ նվիրել են: Պահանջում ենք, որ ԱԱԾ-ն անհամարժեք փոխանակումները ստուգի: Ռուբեն Խաչատրյանը դաժանաբար սպանել է առյուծների, մնացած կենդանիներն էլ իր անգրագիտության պատճառով են անկում ապրել: Մարդիկ խնդրել են, որ առյուծներին չսպանի, իսկ տնօրենը պատասխանել է՝ չես ուզում, տար քո տանը պահի: Առյուծներին սպանեցին ու սուս ու փուս տարան թաղեցին:

Վագրի ատամը բուժելն էլ շոու դարձավ: Զատիկի օրն էլ շոու դարձավ դա,  թե երեխաները կարող են գալ-նայել: Ի՞նչը նայեն, վիրահատությո՞ւնը, հո դուք ցնդա՞ծ չեք… Ո՞նց կարող ենք աչքներս փակել, երբ գիտենք, որ ոտքի վրա վազվզող առյուծներին սպանել է: Ասում է՝ հիվանդ էին: Ախպեր, թողեր դրան հասնեին, որ մեռնում էին, սրսկեիր: Նման է նրան, որ մեկը քաղցկեղ է, ասեն՝ արի սրսկենք, պրծի, էլ մի տանջվի»,- հայտարարեց Արտյոմ Վարդանյանը:

Նա ասաց՝ սպասում են, որ խնդրին արձագանքի վարչապետը, եթե ոչ՝ ստորագրահավաք կսկսեն:

«Ռուբեն Խաչատրյանը  դիպչում է մեր պետական շահերին, երբ աշխարհով մեկ ասում է, որ Հայաստանը ապօրինի կենդանիների թրաֆիքինգի երկիր է: Այնինչ, նման բան չկա: Շուտով մի կով կամ ձուկ բերելու համար մեր ազգը մեծ խնդիր է ունենալու»,- նշեց նա:

«Ջամբո»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը հաղորդեց նաև, որ պատրաստվում է դատի տալ econews կայքին  ու բնապահպան Սիլվա Ադամյանին՝ իրեն զրպարտելու համար:

«Ես ու եղբայրս որևէ կապ չենք ունեցել կենդանիների թրաֆիքինգի հետ: Ես կյանքում դրանով չեմ զբաղվել, բայց ով էլ որ զբաղվում է, դա օրինական է, արգելված չէ»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ  Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները:

Տանզանական The Citizen պարբերականի հաղորդմամբ՝  եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել թվով 62 կապիկներ: Վարդանյան եղբայրները Հոլանդիայի քաղաքացիներ են, Արտյոմ Վարդանյանը՝ նաև Հայաստանի քաղաքացի: Վերջինը Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ:

«2016 թվականի ձմռանը եղբորս հետ գնացել էի Տանզանիա: Ուզում էինք «Ջամբո»-ի համար տարբեր աքսեսուարներ, մատուցողների համար զգեստներ բերել: Zoo Fauna Art ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն էլ 2015թ. օգոստոսին գնել էր 62 կապիկ: Երբ Տանզանիայում էի՝ խնդրեց իմանալ, թե ինչո՞ւ չեն ուղարկում կապիկներին: Պատճառը կարծես էբոլան էր:  Ես այդ կապիկների հետ գործ չունեմ:

Արթուրը տարիներով զբաղվում է այդ կենդանիների առք ու վաճառքով, հիմնականում՝ բուծումով: Մի խոսքով, Տանզանիայից ինքնաթիռ էր գնում Հարավային Աֆրիկայից, Արթուրը ճիշտ համարեց, որ կապիկները դրանով գնան: Մեր «մեղավորությունը» նրանում է եղել, որ  մեր 5-6 պայուսակ տարբեր ապրանքներն ուզում էինք այդ ինքնաթիռով ուղարկել, որովհետև լիքը տեղ կար: Դրանից առաջ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ, որոնք աշխատում են դրսի մարդկանց համար, վարկաբեկեցին Հայաստանը: Դրսի մարդիկ Արթուր Խաչատրյանի մրցակիցներն էին:

Անանուն նամակ են գրել նաև Տանզանիայի Տուրիզմի և վայրի բնության նախագահին, թե 500 կապիկ են պատրաստվում ապօրինի դուրս բերել: Իրականում եղել են 62 ամենաէժան, ամենաանիմաստ կապիկները: Անգամ այնտեղ փող են վճարում, որ դրանց սպանեն, քանի որ ուտում են բանանները, ավոկադոն: Տանզանիան ունի քվոտա՝ 5000 նման կապիկ արտահանելու մասով: Տարեկան երևի 200 հատ էլ չեն արտահանում:

Խոսքը «Зелёная мартышка» տեսակի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավելի վաղ ասել էր  «Ջամբո»-ի սեփականատերը՝ հայտնելով, որ իր ձեռքում են գտնվում դատավճիռները, որտեղ նշված է, որ իրենք կապ չեն ունեցել այս ամենի հետ:

«Մեր բոլոր թղթերն օրինական են եղել, բայց նախարարը, ում տեղյակ են պահել այդ մասին,  ասել է, որ մի բան պետք է անեն ու մեզ պահեն, քանի որ արդեն նախագահին զեկուցել են: Այդպես մնացինք: Հաջորդ օրը եկավ բանտապահն ու ցույց տվեց Հայաստանի լրատվամիջոցների հոդվածները, որոնք գրվել էին մեր դեմ: Այնտեղ մնացել ենք 8 ամիս: Նախարարը զեկուցել էր նախագահին, թե իբր կաշառք ենք տվել, փաստաթուղթ  ձեռք բերել, իսկ նման բան չի եղել: Վերջում մեզանից ներողություն են խնդրել, վերադարձրել ապրանքները»,- նշել էր Արտյոմ Վարդանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս