Չինացի գիտնականները գեների խմբագրման նոր գործիք են մշակել. Shanghai Daily
Շանհայում գիտնականները մշակել են գեների խմբագրման նոր, ավելի ճշգրիտ եւ անվտանգ գործիք: Հունիսի 13-ին այդ մասին գրում է Shanghai Daily թերթը: Այն թույլ է տալիս նվազեցնել կողմնակի ազդեցությունների եւ զանազան մուտացիաների ռիսկը։
Ներկայում գեների խմբագրման համար գիտնականները կիրառում են այսպես կոչված «գենետիկական մկրատը»: Սակայն այդ գործիքն օգտագործելիս գոյություն ունի ռիբոնուկլեինային թթուն (ՌՆԹ) վնասելու ռիսկ, ինչը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Գիտնականների խումբը՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Շանհայի Կենսաբանական գիտությունների ինստիտուտից դոկտոր Յան Հուեյի գլխավորությամ,բ առաջարկել է նոր մեթոդ: Այդ գործիքն ստացել է ABE (F148A) անվանումը:
Մեթոդիկան թույլ է տալիս գեների խմբագրումն իրականացնել ավելի մեծ ճշգրտությամբ եւ զգալիորեն նվազեցնում է ՌՆԹ-ն վնասելու ռիսկը:
«Տեսականորեն գեների խմբագրման գործիքները կարող են հիվանդներին օգնել վերականգնելու առողջությունը, սակայն, քանի որ գործիքների անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել, ապա սոսկ մի քանի «գենետիկական մկրատներ» են անցնում կլինիկական փորձարկումներ»,- մեջբերում է հրատարակությունը Յան Հուեյի խոսքը:
Սույն գործիքը մշակած շանհայցի գիտնականները պնդում են, որ այն կարելի է օգտագործել այնպիսի հազվագյուտ ծանր հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են տալասեմիան, դեղին բծի դեգեներացիան եւ ժառանգական խլությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: