Թրամփը Կոնգրեսին իրազեկել է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ասված է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Թալիբանի» եւ նրանց հետ կապված խմբավորումների դեմ գործողություններն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում եւ Նիգերում:
Բացի դրանից, Թրամփը Կոնգրեսի ղեկավարությանը ծանուցել է, որ ամերիկացի զինծառայողները խաղաղապահ ուժերի եւ զինվորական դիտորդների առաքելությունների կազմում են Եգիպտոսի Սինայի թերակղզում եւ Կոսովոյի սերբական երկրամասում, ահաբեկչության դեմ պայքարի գործում օգնում են Ֆիլիպինների կառավարությանը, ինչպես նաեւ բանակված են Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային հենակայանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: