
ԱՄՆ-ում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35-ով

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:
Ավելի վաղ Foreign Policy հանդեսը գրել է, որ Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանն իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին ծանուցել է, որ ԱՄՆ-ում F-35-երով վարժական թռիչքներ կատարող թուրք օդաչուները պետք է երկիրը լքեն մինչեւ հուլիսի 31-ը:
Այդ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բանակցությունների ֆոնին, որոնց ընթացքում Վաշինգտոնը Անկարային համաոզում է հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրի գնումից:
«Նախարարությանը հայտնի է, որ թուրք օդաչուները… թռիչքներ չեն կատարում»,- գործակալությունը մեջբերել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: