Սփյուռքը կպառակտվի՞։ Հանձնակատարի գեոպոլիտիկ հետևանքները

Օրերս հայտնի դարձավ, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով:

Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։ Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։ Սինանյանը մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների քննադատությամբ։ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին։ Թեև դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, թե Հայաստանում ինչ պաշտոն է ստանձնելու նա, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ի սկզբանե, եթե խոսենք ՀՀ Սփյուռքի նախարարության փակման մասին, ապա ակնհայտ է, որ այն լուծարելը, ըստ էության, բավականին ռիսկային և անհեռատես քայլ էր, քանի որ Հայաստանն աշխարհի ամենամեծ Սփյուռքն ունեցող երկրներից մեկը լինելով՝ չի կարող չունենալ այդ ոլորտը կոորդինացնող և հայ համայնքի հետ հստակ քաղաքականություն տանող առանձին ֆունկցիոնալ մարմին։ Սա՝ այն դեպքում, երբ անընդհատ բարձրաձայնվում և թմբկահարվում է Սփյուռքի ներուժի ներգրավման, հայրենադարձության և մայր հայրենիքի հետ կապերը խորացնելու գաղափարների մասին։

Ինչ խոսք, նախկինում ստեղծված նախարարությունը պետական համակարգի լավագույն կառույցը համարել չի կարելի, եղել են թերացումներ ու բացթողումներ, բայց նոր իշխանությունները, փոխանակ այնտեղ կադրային կամ կառուցվածքի փոփոխություն կատարելուն, այն լուծարեցին, ավելին՝ այն ներկայումս դարձրեցին վարչապետին ենթակա մարմին, որտեղ ակնհայտ է, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր ու անձնական ամբիցիաների բացահայտ դրսևորումներ։ Մի բան պարզ է, անթույլատրելի է՝ Սփյուռքի նախարարությունն իջեցնել և դարձնել հանձնակատարի մակարդակի մի կառույց։

Սինանյանի հետ կապված այս որոշումն իր մեջ նույնպես պարունակում է բավականին ռիսկային տարրեր. նախ, Սփյուռքի մի տեսակ համակերպվել էր, որ նախարարության աշխատանքները պետք է համակարգվեր հայաստանցի ղեկավարի կողմից՝ որպես մայր հայրենիքի քաղաքականության և գաղափարի կրող։ Դա տրամաբանական է նաև այն առումով, որ այդ կերպ որևէ մի համայնքի նկատմամբ տարբերություն կամ ուղղորդված քաղաքականություն չի տարվելու՝ բոլորը լինելու են հավասար՝ չեն լինելու նախասիրություններ։

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Սինանյանի նշանակման որոշումը սխալ և չմտածված քայլ է, քանի որ հենց առաջին հերթին խախտվելու է այդ բալանսը համայնքների հետ տարվող քաղաքականությունը մշակելիս։ Դժվար է պատկերացնել, թե, օրինակ, ինչպես է ամերիկահպատակ հանձնակատարը որոշումներ ընդունելու իրանահայերի ռուսաստանաբնակ հայ համայնքի կամ, ասենք, Մերձավոր Արևելքում ապրող մեր հայրենակիցների հետ կապված քաղաքականություն մշակելիս։

Պարզ է, որ այստեղ առաջին հերթին դերակատարում են ունենալու գեոպոլիտիկ դրսևորումները, այլ ոչ թե ազգային քաղաքականությունը, քանի որ նշված երկրներն ԱՄՆ-ի համար համարվում են թիվ մեկ թիրախային կետեր։ Անդրադառնալով նշված երկրների հայ համայնքներին և աշխարհաքաղաքականությանը, նշենք, որ այն ակնառու է դառնալու ևս մի պատճառով, քանի որ և Իրանի և Ռուսաստանի հայ համայնքը բավականին լուրջ ներգրավվածություն ունեն տվյալ պետության ընդհանուր քաղաքականության մեջ՝ բավականին խորքային ինտեգրացում ունեն, և գաղտնիք չէ, որ Հայաստանի հետ տարվող նրանց քաղաքականությունն ու ցանկացած դրսևորում համաձայնեցվում է տվյալ պետության հետ։

Այս ամենը փաստելով՝ միանգամից հարց է առաջանում՝ օրինակ, ինչպե՞ս է Զարեհ Սինանյանի՝ Սփյուռքի հետ տարվող հանձնակատարի պաշտոնի նշանակման հանգամանքին վերաբերվելու Կրեմլը, երբ իր պետության քաղաքացի համարվող հայերի հետ այսուհետ աշխատելու է ամերիկահապատակ ՀՀ պաշտոնյան։ Տվյալ մեխանիզմը, ամենայն հավանականությամբ, հայտնվելու է ի շրջանս յուր վիճակում և քաղաքական իր ուղղակի հետևանքներն է ունենալու։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս