«Իշխանությունը մամուլի դեմ նոր հարձակում է նախապատրաստում՝ տոտալ վերահսկողություն սահմանելու համար». Աղասի Ենոքյան
Այսօր մեդիադաշտը գնում է սևերի ու սպիտակների բաժանման, և այն պայքարը, որն այսօր կա քաղաքականության մեջ, ավելի վառ է արտահայտվում լրատվամիջոցներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով մեդիադաշտում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով՝ իշխանության մեծ մասը որպես գործիք օգտագործեց Ֆեյսբուքը և եկավ իշխանության, սակայն այսօր նույն այդ տիրույթում նրանք թուլանում են։ Իսկ «ֆեյքերի» և «ստատուսչիների» ներկայացրած նյութերի բովանդակությունը շարունակում է նույնը մնալ, նրանց կողմից երբեք բովանդակային քննարկում չի ընթանում՝ ամբողջն անձնական վիրավորանքներ են կամ աղոթքներ ու անեծքներ։
«Բացի այս ամենը, կոդային բառերը, որոնք շատ են օգտագործում՝ ժողովուրդ, ժողովրդի իշխանություն և այլն, դրանք արդեն հագեցած բառեր են, որոնք այլևս չեն աշխատում։ Ավելին՝ արդեն արդյունավետ չեն նաև հայհոյանքները, քանի որ կան գրառում կատարողներ, որոնք միայն հայհոյանքով են խոսում, որոնք աստիճանաբար արդեն փոխում են իրենց բառապաշարը։ Կարծում եմ՝ Ֆեյսբուքով իշխանություններին տրվող աջակցությունը շուտով գնալու է դեպի անկում»,- նշեց Աղասի Ենոքյանը։
Ըստ նրա՝ այս ամենն իշխանությունները շատ լավ հասկանում են, ուստի փորձում են իրենց սլաքները կրկին ուղղել մամուլի դեմ, իսկ դրա համար պատճառները շատ են։
Նախ՝ իշխանությունները ցանկանում են տոտալ վերահսկողություն։
«Կային մի քանի ոլորտներ, որտեղ նրանք չունեին տոտալ վերահսկողություն, օրինակ՝ դատարանները, մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Հաջորդն Արցախն է, տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում, մյուս ոլորտը մամուլն է, որի նկատմամբ լուրջ հարձակման մի քանի փորձեր են արվել։
Հիմա նոր հարձակում են նախապատրաստում, որի մասին նույնիսկ հայտարարվել է։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերելու է լրատվամիջոցներին, այն ուղղված է լինելու լրատվամիջոցներում ատելության և չարիքի տարածման դեմ, այնպես որ՝ լրատվամիջոցները պետք է պատրաստ լինեն»,- շեշտեց Աղասի Ենոքյան։
Նրա բնորոշմամբ՝ բռնության և ատելության կոչերի դեմ հանդես է գալիս քաղաքական այն ուժը, որը եղել է այդ ամենի նախաձեռնողը, օրինակ՝ վերջին օրերին հարձակումները սևազգեստների դեմ, որոնք ոչինչ չէին արել՝ կա՛մ հագել էին սև վերնաշապիկ, կա՛մ օգտվել ազատ խոսքի իրավունքից, որի պատճառով էլ հայտնվել են ոստիկանական բաժանմունքում։
Ինչ վերաբերում է անցումային արդարադատություն ստեղծելուն, Աղասի Ենոքյանի խոսքով՝ այն գոնե տվյալ պահին հետապնդում է երկու նպատակ՝ Քոչարյանին բանտ նստեցնելը և սեփականության վերաբաշխումը, վերջինս՝ վերաբերելու է լրատվամիջոցներին։
Նա նաև տեղեկացրեց, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունում ընթանում է նոր մեթոդաբանության մշակում, և այս պահին ուշադրության կենտրոնում են Հանրային հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան