Փաստաբանն «Արա Մինասյանն՝ ընդդեմ Արսեն Թորոսյանի» գործով վերաքննիչ բողոք կներկայացնի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Ըստ փաստաբանի՝ լրագրողների հետ հանդիպման նպատակը հանրությանը հանրային հնչեղության գործի մանրամասներին տեղյակ պահելն էր և ահազանգելը, որ դատարանի կողմից չեն ապահովվել այն նվազագույն երաշխիքները, ինչը հնարավորություն կտար հավասարության և օբյեկտիվության  պայմաններում մրցակցել դատավարական հակառակորդի հետ։

Դատաքննությանն անդրադառնալով՝ փաստաբանը նշեց.

«Իմ վստահորդը, երբ արտահայտություններ է արել, հիմքում ունեցել է որոշակի փաստեր. մասնավորապես, իրականացվել է ստուգում, ստուգման արդյունքում պարզվել է, որ չարաշահում է տեղի ունեցել։ Այս միջանկյալ ստուգման ակտի վրա հիմնվելով՝ իմ վստահորդը կատարել է որոշակի արտահայտություններ, որոնք հայցվոր կողմը գնահատել է՝ որպես զրպարտանք։

Հետագայում քրեական գործ է հարուցվել, և քննիչն առգրավել է այդ ամբողջ փաստաթղթերը և, մասնավորապես, այդ միջանկյալ ակտը և դրա հիմքում ընկած այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ առկա է մեծ չարաշահում։

Դատաքննության ընթացքում դատարանը մեզ վրա դրեց ապացուցման բեռ ՝ ապացուցելու այդ արտահայտությունների հիմքում ընկած փաստերը»։

Գյոզալյանը տեղեկացրեց, որ իր միջնորդությունը քննչական մարմիններին՝ տրամադրելու ապացույցները, եղել են ապարդյուն՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի առկայությունը։ Նա հավելեց, որ դատավորը մերժել է նաև միջնորդությունը, որով խնդրել են՝ դատարանն ինքը ձեռք բերի այդ փաստերը, որոնք իրենք չեն կարողացել ստանալ քրեական մարմինից, իսկ վճռից հետո տեղեկացել են, որ սույն արտահայտություններն ապացուցող ստուգման ակտի պատճենը դատարանը նույնպես չի դիտարկել։

Հետագա անելիքներին անդրադառնալով՝ ՀՀ Առողջապահության նախարարի պաշտպանը նկատեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը.

«Վերաքննիչ բողոք կներկացնենք։

Այս փուլում դեռևս քննարկում եմ՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ դատավորի հետ կապված դիմել Արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը, բայց սա դեռևս քննարկման փուլում է, քանի որ ոմանց կողմից կարող է որակվել՝ դատարանի նկատմամբ ճնշում է, և այլն»։

168.am-ի հարցին, թե արդյո՞ք ապացույցները, որոնք դեռևս քննվում են քրեական վարույթում, համարվում են լիարժեք ապացույցներ, որոնց հիման վրա կարելի է հայտարարություններ անել, և արդյո՞ք դրանց տրամադրումը չի համարվի նախաքննական գաղտնիքի բացահայտում, եթե դրանք ներկայացվեին դատարան, փաստաբանն արձագանքեց.

«…Սա ինքնուրույն ապացույց էր, որը պետք գնահատվի քաղաքացիական գործի շրջանակներում։

Երկրորդի հետ կապված՝ այո, միանշանակ այստեղ նախաքննական ռեժիմն էր գործում, բայց եթե դատարանը պահանջեր, ապա քննիչը պարտավոր էր դա տալ, ի վերջո, դատարանն ավելի բարձր է, քան Քննչական կոմիտեն և քննչական մարմիները։

Քրեական ու քաղաքացիական վարույթներն առանձին վարույթներ են, և սրանք մեկը մեկի հետ փոխկապակցված չէին այնքանով, որքանով որ այս ապացույցներն առգրավել և տարել էին այնտեղ, սրանք ինքնուրույն ապացույցներ էին, որը դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում  հետազոտում է, և դրա վերաբերյալ գալիս է որոշակի կարծիքի՝ արժանահավատ համարելով, կամ թույլատրելիության հիմքով հանելով, և այլն։

Բայց այս ապացույցները պետք է լինեին գործում, որպեսզի սրա հետ կապված եզրահանգումներ կատարեր դատարանը»։

Խոսելով ԱՆ Արսեն Թորոսյանի գրառման մասին, թե՝ «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից…»,  և արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գրառումը պարունակում է վիրավորանք դատավորի հանդեպ, փաստաբանը նկատեց, որ այդպես չի կարծում, դա վիրավորանք չի դիտարկում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, հունիսի 7-ին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Ավելի վաղ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:

Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը և պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը Ֆեյսբուք սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ բանավոր խոսքի միջոցով:

Դատարանի վճռով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս