Տիմոշենկոն հորդորել է դեմոկրատական ուժերին՝ միավորվել Զելենսկու կուսակցության հետ
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միավորվելու կոչ է արել դեմոկրատական բոլոր քաղաքական ուժերին, որոնց թվում նա նշել է «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցությունը եւ ուկրաինացի երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը, որպեսզի թույլ չտրվի հին իշխանության մուտքը խորհրդարան։
«Իսկական դեմոկրատական ուժերը, որոնք կարող են խորհրդարան գալ՝ «Բատկիվշչինա»-ն, «Ժողովրդի ծառան», Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս»-ը, պետք է միավորվեն»,- հունիսի 10-ին ասել է նա «Բատկիվշչինա» կուսակցության համագումարում, որը նվիրված էր մասնակցությանը Գերագույն ռադայի ընտրություններին: Տիմոշենկոյի կարծիքով, միայն «միավորվելը կարող է անհնարին դարձնել այն ուժերի խորհրդարան գալը, որոնք կուլիսների հետեւում, փողեր եւ արտոնություններ տրամադրելով, անցկացնում էին իրենց լոբբիստական որոշումները»: «Մենք պետք է ուս-ուսի տանք նոր նախագահի, նրա թիմի հետ, Գերագույն ռադայի նոր դեմոկրատական ուժերի հետ եւ բարձր կարգի աշխատանք կատարենք»,-ընդգծել է Տիմոշենկոն:
«Բատկիվշչինա»-ի առաջնորդը նաեւ հայտարարել է, որ պատրաստ Է Ռադայում նոր կոալիցիային առաջարկել «Նոր ուղեգիծ» հզոր ծրագիրը եւ հստակ պլան 100 օրվա համար, որի իրագործումը կօգնի երկիրը դուրս բերել ճգնաժամից: Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները պլանավորված են հուլիսի 21-ին: «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման տվյալների համաձայն, «Ժողովրդի ծառա» կուսակցությանը պատրաստ է աջակցել այն քաղաքացիների 48,2 տոկոսը, որոնք մտադիր են քվեարկել եւ արդեն որոշել են՝ ում օգտին: Անցումային շեմը հաղթահարելու շանսերը պահպանում են Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» (10,7 տոկոս), Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» (7,8 տոկոս), «Բատկիվշչինա» (6,9 տոկոս) եւ Գոլոս» (5,6 տոկոս) կուսակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: