Ով ում խաբեց. Նոր հարցադրումներ՝ ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողների խնդրի վերաբերյալ
Ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին չտրված զեղչերի և պարտքի պատճառով բուհում քննության թույլ չտալու մասին 168.am-ի հրապարակմանը հունիսի 6-ին կառավարության նիստում արձագանքել է գործադիր մարմնի ղեկավարը:
Մինչ վարչապետ Փաշինյանի տարօրինակ և ոչ համարժեք արձագանքին անցնելը՝ ընդգծենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ի պատասխան մեր հրապարակմանը՝ նիստին արեց մեկնաբանություններ, որը ոչ թե իրավիճակի մասին վարչապետին զեկուցող ելույթ էր, այլ ընդամենը ուշադրությունը շեղելու միջոց:
Նախարար Հարությունյանը հատուկ բառամթերքով ստեղծագործաբար մատուցեց 168.am-ում տեղ գտած ինֆորմացիան՝ փորձելով մանիպուլյացիայով ավելի թեժացնել «սևազգեստների» հայտարարությունից լարված կառավարության նիստի մթնոլորտը:
Նախարարը վարչապետին մասնավորապես փոխանցեց մի բան, որը մենք չենք գրել: Ըստ նրա՝ 168.am-ը իբր գրել է, որ ԿԳՆ-ն չեղարկել է ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուսվարձի զեղչեր տրամադրելու որոշումը: Կառավարության որոշումը, այն էլ՝ ԿԳՆ-ի կողմից, չեղարկելու իրավասություն նախարարը չունի և չէր կարող ունենալ, նա միայն կարող է շրջանցել, հետևապես՝ այդպիսի անմիտ ձևակերպում լրատվամիջոցը, բնականաբար, թույլ չէր տա, ճիշտ այնպես, ինչպես որ նախարար Արայիկ Հարությունյանը մոտիվացված մատուցեց իր թիմի լիդերին: Նախարարն իրականում պիտի բացատրություն տար հրապարակված տեղեկատվության մասին, թվեր հրապարակեր, եթե կարող էր՝ հակափաստարկներ ներկայացներ, մինչդեռ պատասխանատու նախարարի նպատակը դարձյալ դավադիրների որսը դարձավ, այն էլ՝ ազգային անվտանգությանը սպառնացող…
Հասկանալի է, որ փոխակերպած ինֆորմացիայով ԿԳ նախարարը պիտի փորձեր իրենից շեղել ուշադրությունը, որպեսզի հարկադրված չլիներ պատասխան տալ չփոխանցված գումարների դեպքերի և դրանց հետևանքով առաջ եկած խնդիրների համար:
Ամեն դեպքում անհասկանալի մնաց, թե ինչու նախարարը որոշեց խնայել դեկանին կամ փոխդեկանին ու իր ղեկավարից թաքցնել իրականությունը:
Մանավանդ, համոզված ենք, որ նա գիտեր՝ մամուլը հարվածել էր ճիշտ նշանակետին, իսկ ինքը կառավարության նիստի նախօրեին՝ մեր հրապարակումից անմիջապես հետո, իր անձնական և համալսարանական կապերով պարզել էր ողջ իրականությունը կամ դրանից մի մեծ դրվագ:
Նախարարը գտել էր «մեղավոր դրության ճիշտ հասցեն», ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետի դեկանատում հայտնաբերել էր քննություն վերցրած դասախոսին, և մերժված հերոսներից առնվազն 4-ին, որոնց հունիսի 4-ին լսարանից դուրս էին արել՝ ուսման վարձի պարտքի պատճառով, այն 20% պարտքի, որը կառավարության կողմից պիտի իջեցվեր ԵՊՀ-ին՝ ՀԵՀ-ի միջոցով:
Ավելին, 168.am-ին հայտնի դարձավ, որ խնդիրը կարգավորելու համար ԿԳ նախարարը հրահանգել էր արագ լուծումներ գտնել, և այսօր դրանք մեկ առ մեկ կարգավորվում են իր՝ անմիջական միջամտության արդյունքում:
Ենթադրվում է, որ նախարարը գոնե այս 4 ուսանողների մասով տեղյակ է նաև, որ դեկանատում նրանցից երկուսին է հաջողվել համոզել փոխդեկանին, որպեսզի պարտքով հանդերձ՝ մասնակցեն քննությանը, միայն թե կուրսից հետ չընկնեն, իսկ մյուս երկուսը, պարզվում է, հենց այդ պահին ճարահատյալ ծնողներին ուղարկել են բանկեր, որպեսզի պահանջված վարձերի փոխանցումներն անեն: Եվ այս ամբողջ տհաճ պատմության մեջ, ինչպես նշել էինք, դեկանատում վկայակոչել էին ԿԳ նախարարի հանձնարարականը՝ ասելով, թե իրենից է ներքին կարգով հրաման իջեցվել:
Եվ այս ամենին վստահաբար տեղյակ էր ԿԳ նախարարը, բայց փաստացի հայտնի չդարձավ վարչապետին, ու կառավարության նիստին ողջ պատմությունը բոլորովին այլ մոտիվներով մատուցվեց:
Փորձ արվեց նսեմացնել մամուլի դերը, հրապարակումը հերքել ամբողջությամբ, իսկ նախկին լրագրող վարչապետը, իր նշանակած կադրից, որին, ի դեպ, իրենից հետո երկրորդ մարդն է համարում իր հիմնած կուսակցության ներսում, թվերով հիմնավոր պատասխան պահանջելու փոխարեն՝ մի բան էլ խրախուսեց կտրուկ հայտարարություններով, և իրար ձայնակցելով հայտարարեցին, թե մամուլն այսպիսի հրապարակումներով երկրում, ոչ ավել, ոչ պակաս, «հիբրիդային պատերազմ է վարում»:
Ավելին, առանց խորանալու հրապարակման մեջ նշված պատճառների մեջ՝ վարչապետ Փաշինյանը չփոխանցված գումարների մասին մեր բարձրաձայնումը, սովորույթի ուժով, «ազգային անվտանգության սպառնալիք» որակեց, և հայտարարեց, որ ես էլ՝ հեղինակս (կամ՝ «168 Ժամի» խմբագրակազմը), փնտրված դավադիրների հետ «միևնույն շղթայի տարբեր օղակներ ենք», և սպառնաց հասնել այն բանին, որ «էդ գող ավազակները էս երկրում իրենց լավ չզգան»:
«Դրանք պետք ա մայթերի տակով մասկիրովկայով քայլեն: Դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր ա, լրջորեն զբաղվեք այս հարցերով»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ կան, ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցում, մամուլում գրում են, որ քաոսային, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն, պայթյունային իրավիճակ: Դա նույն շղթայի տարբեր օղակներն են: Ո՞նց կարող է ընդհանրապես նման բան լինել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ դա նույն թեզն է, ինչ «հողերը ծախեցին, տվեցին» և այլն:
Նկատենք, այս ամբողջ էմոցիաներից բացի՝ վարչապետը մի շատ ուշագրավ հայտարարություն էլ երեկ արեց. հակադարձելով լրատվամիջոցին՝ Փաշինյանը դժգոհեց, թե այդ հրապարակումով կարծիք ենք ձևավորում՝ իբր իշխանություններն «Ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն հարգում»:
Բնավ կասկած չունենալով այն բանում, որ վարչապետն ակնածանքով է վերաբերվում ապրիլյանի դեպքերին դիմակայած մեր զինվորներին, մի հիշեցում անենք ամեն դեպքում:
Ապրիլյանի տղաներին ուսվարձի արտոնություն տալու ցանկությունը խմբագրվեց մի քանի անգամ, այդ թվում՝ հենց իր՝ Փաշինյանի կողմից:
2016-ի սեպտեմբերի 4-ին ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարած նախաձեռնությունը՝ Ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողներին 50% և ավելի ուսումնական զեղչեր տրամադրելու մասին, ժամանակի ընթացքում նախարարից իջեցված շրջաբերականի մակարդակից իրավական ուժ ունեցող ակտի վերածվեց, դարձավ Կառավարության որոշում, խմբագրվեց ու թրծվեց նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ձեռամբ, և ավելի լավը դարձավ՝ բոլոր զորացրված ուսանողներին արտոնելու համար, ընդ որում՝ նույն արտոնյալների խմբում նախկին իշխանությունը նաև երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին ներառեց:
Իսկ ահա հեղափոխական իշխանությունը, որ այդքան վիրավորված է ապրիլյանի տղաների հանդեպ «մեր կասկած հարուցած» վերաբերմունքից, չգիտես՝ ինչու, իր պարտքը համարեց խոչընդոտներ ստեղծել ապրիլյանից զորացրված տղաների համար:
Փաշինյանը խմբագրեց օրենքի պահանջը՝ հատուկ նշագրում ավելացրեց նախկին իշխանության սրբագրած որոշման մեջ, և անհարկի միջամտությունով նորից խտրականություն մտցրեց ընդամենը 500 ուսանողների շրջանում:
Բանն այն է, որ զինգրքույկներում առկա տարբեր գրառումները՝ «մարտական գործողություններին մասնակցած» և »մարտական հերթապահություն իրականացրած» լինելու մասին՝ հավասարեցվել էր վերջերս:
Հիշեցնենք, 2017թ. երկար չարչրկումներից խուսափելու ու Ապրիլյան պատերազմին դիմակայած տղաներին տարբերակված մոտեցում չցուցաբերելու համար նախկին կառավարությունը որոշեց բացառել զինվորների նկատմամբ խտրական մոտեցումը: Եվ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որոշեց հավասարեցնել բոլոր այս զինվորների արտոնությունը՝ անկախ զինգրքույկներում առկա գրառումներից, և ապրիլյանից զորացրված բոլոր ուսանողներին տրվեց ուսվարձի 50 տոկոս պարտադիր զեղչ՝ 30 %՝ բուհի պաշարից, և լրացուցիչ 20% զեղչ՝ բյուջեից, որը բուհին փոխանցվում էր կառավարության պահուստային ֆոնդից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով:
Հետագայում, սակայն, Նիկոլ Փաշինյանը չհամակերպվեց այդ հավասարության հետ, և 2018թ. դեկտեմբերի 13-ին ընդունած N1464 որոշումով նոր պահանջ մտցրեց, ըստ այդմ՝ արտոնել զորացրված միայն այն ուսանողներին, որոնց զինգրքույկում առկա է մասնավորապես հետևյալ գրառումը՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում իրականացրել է մարտական հերթապահություն (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ):
Ստացվում է՝ Փաշինյանը նորից խտրականություն մտցրեց և լրացուցիչ փաստաթղթեր հայթայթելու պահանջով՝ անհարկի խնդիրներ սկսեց առաջացնել ուսանողների համար, իսկ դրանց ձեռքբերումը հնարավոր էր հազվադեպ, այն էլ՝ Արցախի զորամաս վերադառնալու պայմանով:
Մինչ օրս այդպես էլ չհասկացանք՝ ո՞րն էր այս փոփոխության տրամաբանությունը, հանուն ինչի՞ ժողովրդի սերը վայելող լեգիտիմ իշխանության ղեկավարը որոշեց թիրախավորել ապրիլյանից զորացրված ուսանողներին, ինչո՞ւ որոշեց մի քանի միլիոնի խնայողության գնալ Փաշինյանը՝ ի հաշիվ փոքրաթիվ զինծառայողների, մանավանդ, որ խնդիրը վերջնական լուծում էր ստացել, և այս մարդկանց կյանքը բարդացնելու մոտիվացիա չկար:
Իսկ վերջին հավասարեցումով նրանց գոհացնում էր հին պայմանը՝ զեղչի համար: Նշենք, որ ԿԳՆ-ում ոչ հրապարակային այս որոշման պատճառների մասին փողի սղության հիմնավորումն են բերում: Ասում են՝ գտնվել է լուծումը քիչ ծախսելու համար:
Ի դեպ, վարչապետ Փաշինյանի արած փոփոխությանն ուսանողական ընդվզումներին անդրադարձել էինք ավելի վաղ՝ մեր նախորդ հրապարակումներում, բայց, չգիտես՝ ինչու, նույն էնտուզիազմով կառավարության ղեկավարն ու ԿԳ նախարարը չհակադարձեցին մեզ այն ժամանակ:
Նշենք, որ Փաշինյանի օրոք արված այս խնդրահարույց փոփոխության արդյունքում տուժել են ուսանողներ, որոնց ուսվարձը չի զեղչվել լրացուցիչ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով:
Ստացվում է՝ արտոնյալ խումբը տուժել է միայն այն բանի համար, որ ժամանակին նախկին իշխանությունը չի կանխատեսել այսօրվա ենթաօրենսդրական «բզիկավոր» փոփոխությունները, և հետևապես՝ այն ժամանակ ԶՈՒ-ին կենտրոնացված հրաման չի իջեցվել, ապրիլյանից զորացրվող ուսանողների զինգրքույկում պարտադիր չի համարվել թողնել այսօրվա պահանջած գրառումը, որպեսզի մարդիկ արտոնությունից չզրկվեին… ի՞նչ իմանային…
Մի խիստ ուշագրավ հիշեցում ևս. դեռևս 2018-ի նոյեմբերի 22-ին, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, նրանք դժգոհել էին՝ ասելով, որ իրենց զինգրքույկներում որևէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, իհարկե, պատճառաբանել էր, որ որոշ զինկոմիսարիատներ գրքույկներում դրել էին կնիքները, սակայն դրանք հետագայում ջնջվել են նորից:
Վարչապետն էլ քաջ գիտակցելով, որ տղաների դժգոհությունը ոչ այնքան փառավոր գրառման համար էր, որքան հենց դրանից բխող արտոնությունների մտահոգությունից ելնելով, տղաներին հետևյալը կերպ էր հակադարձել.
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»:
Սա ասելով՝ Նիկոլ Փաշինյանը երևի նկատի է ունեցել այն, որ լրացուցիչ պահանջներ չպետք է ներկայացնել։
Ի դեպ, մեր տեղեկութուններով՝ հունիսի 6-ին և 7-ին ՀԵՀ-ը կրկին դիմումներ է ստացել ուսվարձի 20% զեղչեր տրամադրելու համար:
ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Արգամ Արշակյանը 168.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկատվությունը՝ համարելով, որ սրանք հավանաբար այն մարդիկ են, որոնք չեն իմացել իրենց արտոնությունների մասին կամ մոգի արդյունքները ուշացած ստանալու, և զանազան այլ պատճառներով ուշացած են դիմում հիմնադրամ:
Արգամ Արշակյանը, իհարկե, ոչ մի կերպ հակված չէր խոստովանելու, որ այդ ուշացումները գուցե հնչեղություն ստացած հրապարակումով են պայմանավորված, նախարարի խոստումով, որ լրացուցիչ դիմումները երկրորդ փուլով են հայտագրելու: Արգամ Արշակյանը չի ընդունում նաև հիմնադրամին ուղղված մեղադրանքը, որ ուսանողների չիմացությունը դարձյալ գալիս է հենց իրենց անփույթ ու ոչ օպտիմալ աշխատանքից:
Հարցին, թե ինչո՞ւ լրացուցիչ ծանուցում չի տարածվում, որպեսզի արտոնությունից չօգտված ուսանողներն անպայման կրկին դիմեն ՀԵՀ-ին, հիմնադրամի ղեկավարը վստահեցրեց, որ կհրապարակեն արդեն իսկ արտոնվածների ցանկը և կբավարարեն նոր հայտերը, ու կոչ արեց ուսանողներին՝ դիմումներով շտապել հիմնադրամ:
Ի դեպ, բոլոր այն ծնողները, որոնք իրենց զավակների ուսվարձն ամբողջությամբ են վճարել քննություններին խնդիրներ չառաջացնելու համար, կարող են և պարտավոր են այս օրերին դիմել հիմնադրամ, որպեսզի վերադարձվի իրենց շահառու զավակներին հասանելիք 20% զեղչի գումարը:
Սյուզի Բադոյան
Հ.Գ. 168.am-ի հրապարակումից հետո տեղեկացանք, որ Երևանի Ֆրանսիական համալսարանից երեկ ապրիլյանի ուսանողներին տեղեկացրել են, որ ՀԵՀ-ի գումարները փոխանցված են, հետևապես՝ ուսանողները վարձի գերավճար ունեն:
ՀԵՀ-ից ստացած այս պահի ամփոփ տվյալներով՝ 2019 ուստարվա համար փոխհատուցվել է 493 ուսանողի 20 % ուսման վարձը՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 45 մլն դրամ: Հիշեցնենք, պահուստային ֆոնդից այս նպատակով ՀԵՀ-ին իջեցված գումարի չափը 82 մլն դրամ էր: Հարցազրույցով կներկայացնենք բոլոր բուհերին իջեցված թվերը՝ առանձին:
Հ.Հ.Գ. Վերջում՝ որպես հրապարակման հեղինակ-լրագրող, մեկ հարցի պատասխան կցանկանայի ստանալ նախկին գործընկեր, այժմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. որպես լրագրող ինչպե՞ս կզգայիք Ձեզ ժամանակին, եթե նույն սպառնալիքներով ու մեղադրանքներով՝ «ազգային անվտանգությանը սպառնացող», նման խնդրի բարձրաձայնման մասին ձեզ արձագանքեին նախկին, նույնիսկ ձեզ համար շատ սիրելի ու ընդունելի իշխանությունները: Շնորհակալություն: