Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմի զինծառայող ուսանողներին մերժում են բուհի վարձի 20% զեղչը տրամադրել

Ապրիլյան պատերազմից հետո զորացրված ուսանողներին մերժում են պետության երաշխավորած ուսման վարձի 20% զեղչի արտոնությունից օգտվել, որոնք սահմանվել էին նախկին իշխանությունների կողմից, «Հայաստանի երիտասարդական հինադրամում» (ՀԵՀ) այլևս որոշիչ չեն համարում զինգրքույկներում հերթապահություն մասին համապատասխան նշագրումը:

Իսկ իրականում ՀԵՀ դիմած տասնյակ ուսանողների մերժել են, քանի որ, ըստ նրանց, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք սահմանված կարգում՝ կառավարությունը 2018 դեկտեմբերին լրացուցիչ որոշմամբ խնդրահարույց իրավիճակ է ստեղծել: ՀԵՀ-ում ուսանողներից լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, իսկ որպես հիմնավորում՝ հղում են անում կառավարության նույն որոշման մեջ անորոշ, լղոզված պահանջին: Ասում են՝ զեղչի փոխհատուցման թերթիկ կտանք նրանց, ում զինգրքույկում նշված կլինի, որ 2016թ. ապրիլի 2-6-ին մարտական հերթապահություն են իրականացրել: Բայց այսպիսի բան չկա ոչ մի գրքույկում, լրացուցիչ փաստաթղթի համար առնվազն ամեն ուսանող պետք է վերադառնա Արցախ ու դիմի իր զորամասի հրամանատարին: Դեռ հարցի մյուս կողմն է, թե որքանով է սա զորամասի համար ներկայացվող իրատեսական պահանջ:

Խոսքը 2018-ի դեկտեմբերի 13-ին ընդունած N1464 որոշման մասին է, որով սահմանվում է պահուստային ֆոնդից ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 82 մլն դրամ ու ՀԵՀ-ի միջոցով բաշխել բուհերին՝ որպես ուսման վարձի փոխհատուցում 2 դեպքերում՝

1) բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին (ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով).

2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող և սույն որոշմամբ տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):

Փաստորեն, որոշման մեջ ընդգծված տողի լրացուցիչ պահանջով Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխական կառավարությունը քաոսային իրավիճակ է ստեղծել՝ մինչ այդ Վիգեն Սարգսյանի միջոցով հանգուցալուծում ստացած խնդրում:

Հիշեցնենք, խնդիրը ծագել էր այն ժամանակ, երբ ԿԳՆ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը 2016թ. սեպտեմբերի 4-ին հայտարարեց, որ պետության կողմից ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինծառայողներին կտրվի ուսման վարձի 50 տոկոս զեղչի իրավունք, ինչը կփոխհատուցվի պետբյուջեի հաշվին:

Քանի որ զեղչի մասին նախարարի հայտարարությանը չէր նախորդել ՀՀ Պաշտպանության նախարարության (ՊՆ) հետ համաձայնեցված որոշում, իսկ մեծաթիվ զորացրված զինծառայողների զինգրքույկներում նշված չէր մարտական գործողությունների մասնակցության մասին ոչ մի տող, քաշքշուկ առաջացավ:

Հետագայում՝ մինչև որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի հետ համատեղ որոշմամբ հարցը լուծում կստանար, զորացրվեց ապրիլյան պատերազմ տեսած զինծառայողների հաջորդ խումբը: Խնդիրը վերջնական լուծում ստացավ 2017թ. մարտի 3-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշեց հավասարություն մտցնել ապրիլյան գործողությունների մասնակիցներին տրվող 50 տոկոս զեղչի իրավունք ստացող զինծառայողների և զորամասերում ապրիլյան պատերազմի օրերին հերթապահած զինծառայողների միջև:

Հիշեցնենք, ՊՆ-ի և ՀԵՀ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ վերջնական լուծում ստացավ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածի զինծառայողների զինգրքույկներում կատարած գրանցումների մասնավոր դեպքերում եղած սխալների հարցը՝ անկախ հանգամանքից՝ մարտական հերթապահությո՞ւն, թե՞ մարտական գործողությունների մասնակցություն է նշված զինգրքույկներում: Եվ դրանից հետո բոլոր զորացրված ուսանող զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չէին մասնակցել, ստացան ՀՀ բուհերում սովորելու ուսման վարձի լրացուցիչ 20% զեղչից օգտվելու իրավունք։ Արդյունքում՝ ՀԵՀ-ի կողմից ստացած 20% զեղչը գումարվեց բուհի կողմից զինծառայողների համար օրենքով սահմանված 30% զեղչին՝ ընդհանուր կազմելով 50%: Բայց այս պարզ ընթացակարգն այսօր ի վիճակի չէ սպասարկել ապրիլյան պատերազմի շրջանում ծառայած վերջին զորացրվողների շահերը, միայն այն պատճառով, որ կառավարությունը լրացուցիչ շեղող ավելացում է արել գործող համապատասխան որոշման կարգի մեջ:

Անհասկանալի կերպով փոխվել են նաև ՀԵՀ-ի կողմից զեղչի համար պահանջվող փաստաթղթերը. նախկինում եղել է անձնագրի ու զինգրքույկի պատճենները, լուսանկար և բուհից տեղեկանք: Ներկայումս, սակայն, այս ամբողջ ցանկին ավելացվել է նաև ստուգման գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը (զաչոտնիկ), ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում հատկապես Երևանի ֆրանսիական համալսարանի ուսանողների համար: Այս բուհի ուսանողները չունեն ստուգման գրքույկ, իրենց պրակտիկայում կիրառելի չէ:

ԿԳՆ-ից 168.am-ի հարցի առնչությամբ որևէ հիմնավոր պատասխան չտրվեց, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում» մեր զանգերին պատասխանող չեղավ:

Ի դեպ, հիմնադրամ դիմած շահառուներից մեկին հորդորել են չվերադառնալ զորամաս, սպասել, մինչև որ նախարարության և կառավարության հետ խոստացված հանդիպում-քննարկման արդյունքում պատասխան կունենան և որոշակի պարզաբանում կտան ուսանողներին վաղը կամ հաջորդ օրը: Նշենք, որ փոխհատուցման մասին հայտարարությունը ՀԵՀ կայքում տեղադրելուց հետո դիմել և նույն մերժումով պատասխանն են ստացել տասնյակից ավելի շահառուներ:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս