«Սրտային անբավարարություն ունեցող պացիենտների պարագայում հեղուկի սահմանափակումներ ենք առաջարկում». Սրտաբան

Կան պարզ գործնական խորհուրդներ, որոնք կարող են պաշտպանել յուրաքանչյուրին կանխատեսվող օդի բարձր ջերմաստիճանի դեպքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը և  Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը։

«Առաջինը՝ արևի ուղիղ ճառագայթներից խուսափելն է, 12։00-17։00՝ ամենաշոգ ժամանակահատվածին, պետք չէ դուրս գալ, իսկ որոշ խոցելի խմբերի համար՝ հղի կանանց, երեխաների, քրոնիկ հիվանդություններ ունեցողների նույնիսկ այդ ժամերին ստվերում լինելու անհրաժեշտություն չկա»,- նշեց Նունե Բակունցը և հավելեց, որ դրսում լինելու դեպքում պիտի կրել գլխարկ, ակնոց, բնական կտորներից բաց գույների լայն հագուստ, օգտագործել մաշկի համար պաշտպանիչ միջոցներ։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը կարևորեց նաև հեղուկի օգտագործման քանակի ավելացումը, քանի որ տապին օրգանիզմը կորցնում է հեղուկ և դրա հետ՝ սպիտակուց ու աղ.

«Կորուստը պիտի լրացնենք՝ ջուր խմելով. 1.5-2 լիտր ջուր ամենաքիչը, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ ջրի քանակը քննարկել բուժող բժշկի հետ։ Ըմպելիքներից օգտագործել թանը, որովհետև այն պարունակում է սպիտակուց ու աղ, սահմանափակել կոֆեին, շաքար պարունակող ըմպելիքները՝ լինեն տաք թե սառը»։

Կարդացեք նաև

Հեղուկի կարևոր նշանակության մասին ընդգծեց նաև Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ տեղեկացնելով, որ ջերմաստիճանի բարձրացման դեպքում առողջ օրգանիզմի համար հեղուկի օգտագործման քանակը պետք է ավելանա։

«Ջերմատվության ամենաճիշտ ճանապարհն օրգանիզմում, ամենաճիշտ պաշտպանական ուղին քրտնարտադրության միջոցով օրգանիզմից հեղուկի հեռացումն է։

Նորմալ օրգանիզմի համար սովորական պայմաններում (կանխարգելման ուղեցույցի կետերից է) յուրաքանչյուր կգ-ի համար՝ օրական 30 մլ ջուր, բնականաբար, ամռանը պիտի ավելանա։

Սակայն այլ հարց է սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց դեպքում։ Սրտային անբավարարություն ունեցող պացիենտների պարագայում հեղուկի սահմանափակումներ ենք առաջարկում, որովհետև սրտամկանի արտամղման կծկողական  ֆրակցիայի նվազման հաշվին արյան շրջանառությունը վատթարանում է օրգանիզմում, և հավելյալ հեղուկի ծավալը կարող է խանգարել նրան, բայց միևնույն է՝ նորից պետք բժշկի հետ քննարկելով հասկանալ, թե հեղուկի ծավալներն ինչպես պետք է մեծացնել»,- մանրամասնեց սրտաբանը։

Բանախոսները հիվանդությունների կանխարգելման համար նշեցին նաև, որ պետք է հետևել հիգիենային, սննդին ու դրա մշակման կանոններին։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս