
Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել, «երբ ուկրաինացիները պատրաստ լինեն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն։
«Մենք պետք է յուրաքանչյուր ուկրաինացու պատմենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան էլ սարսափելի չէ: Երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն, մենք անպայմանորեն այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, եւ Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,-ասել է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում:
Զելենսկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն է, որն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ:
«Դա մեր ընտրությունն է եւ մեր ուղեգիծը: Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն է, դա ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն Է եւ մեր բանակի մակարդակը»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: