
Թրամփն արժանի մրցակիցների չի տեսնում դեմոկրատների շրջանում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար:
Այս խոսքերով է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, որը պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, հանդես եկել ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է հունիսի 5-ին։
«Ես այնտեղ չեմ տեսնում որեւէ մեկին (ով ինձ կստիպեր անհանգստանալ),-ասել է Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե ինքը լուրջ մրցակիցներ ունի արդյոք դեմոկրատների շրջանում: Այսպես ասեմ՝ Ուինսթոն Չերչիլ այս ընտրարշավում հաստատ չկա: Չեմ ցանկանում այս միտքը զարգացնել, որովհետեւ դա շատերին կարող է դառնացնել եւ տհաճորեն զարմացնել: Նրանց շրջանում չկա մեկը, որը կարողանար հաղթանակի հույս ունենալ»:
Թրամփն ընդգծել է, որ ներկայում իր ձեռքին բազմաթիվ հաղթաթղթեր կան, որոնք իրեն թույլ կտան առաջիկա ընտրություններում ապահովել ամերիկացի ընտրողների աջակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: