
«Սահակաշվիլին Կիևում է, և նա Ուկրաինայի անձնագիր ունի». Յուլյա Մենդել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական պաշտոնի նշանակելը:
«Սահակաշվիլին Կիեւում է, եւ նա Ուկրաինայի անձնագիր ունի: Այս փուլում մենք չենք դիտարկում նրան որեւիցե պետական պաշտոն տրամադրելու հնարավորությունը»,-Բրյուսելում ասել է Զելենսկին վրացի լրագրողներին: Այդ թեմային անդրադարձել է նաեւ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը:
«Ոչ միայն նախագահ Զելենսկին, այլեւ ամբողջ աշխարհն էր ուշադիր հետեւում Սահակաշվիլիի կառավարման օրոք Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Վրաստանի փորձը հետաքրքիր կլինի Ուկրաինայի համար: Եվ խոսքը միայն Սահակաշվիլիի մասին չէ»,-ասել է Մենդելը:
Պատասխանելով Սահակաշվիլիին Վրաստան հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցին, Մենդելը նշել է, որ Ուկրաինայի նախագահը վերականգնել է նրա քաղաքացիությունը, «մնացած քայլերը պետք է անեն իրավապահ կառույցների ներկայացուցիչները»:
Սահակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ պետական պաշտոնի չի հավակնում Ուկրաինայում եւ իր թեկնածությունը չի առաջադրելու Գերագույն ռադայի առաջիկա ընտրություններում, բայց կաջակցի նոր քաղաքական ուժերի հայտնվելուն:
Մինչդեռ Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու է Սահակաշվիլիի «Նոր ուժերի միավորում» կուսակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: