Սուդանում ցուցարարներին ցրելիս զոհվածների թիվը հասել է 60-ի
Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի: Այդ մասին ասված է Սուդանի ընդդիմադիր Բժիշկների կոմիտեի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր 35 զոհվածների եւ հարյուրավոր տուժածների մասին: Լույս հունիսի 5-ի գիշերը Բժիշկների կոմիտեն հայտնել էր 50 զոհվածների մասին:
«Եվս տասը մարդ է զոհվել ռազմական խորհրդի զինվորների գնդակներից… Այսպիսով, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 60-ի»,-ասված է Facebook-ում Բժիշկների կոմիտեի հայտարարության մեջ: Սուդանի բանակը հունիսի 3-ի վաղ առավոտյան Հարթումի կենտրոնում՝ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մերձակա հրապարակում, ձեռնամուխ էր եղել վրանային ճամբարը ցրելուն:
Հաղորդվել է, որ ակտիվորեն հրազեն է կիրառվել: Անվտանգության ուժերը փակել են Հարթումի բոլոր կենտրոնական փողոցները եւ հրապարակի մատույցները: Վրանային ճամբարի ցրումից անմիջապես հետո «Սուդանի արհմիությունների միավորում» առաջատար ընդդիմադիր շարժումը կոչ է արել երկրի բնակիչներին՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել:
Սուդանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել:
Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: