«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որոշումները հանրության մեջ ցնցումներ չառաջացնի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա դատական համակարգը չի բխում ժողովրդից ու ունի լեգիտիմության խնդիր։

Ըստ նրա՝  ամենակարևոր հարցն այն է, թե այսօրվա դատական համակարգն ում է ներկայացնում։

«Պատասխանը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար՝ դատաիրավական համակարգի բարեփոխման ամբողջ տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին։ Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետն ու իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն ու քաղաքացիները չքննարկեն։ Իհարկե, այս որոշումը կարող է սահմանաված կարգով բողոքարկվել, բայց մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որոշումները հանրության մեջ ցնցումներ չառաջացնի»,- այսօր լրագրողներիր հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ ժամանակին վարչապետը միակ պատգամավորն էր, որը չշնորհավորեց Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար նշանակվելիս, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հ. Թովմասյանի նշանակման ժամանակ ինքը բանտում է եղել։

«Ես չեմ կարծում, թե ինքը իմ շնորհավորանքին սպասում էր»,- ասաց վարչապետը։

Լրագրողները հիշեցրեցին, որ դեռևս այն ժամանակ Հրայր Թովմասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը թող իրեն չշնորհավորի, այդ առիթով գերեզմանատանը մի հուշաքար կդնեն վրան կգրեն՝ «ի հիշատակ բոլորի, բացի Վալոդից», որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանի փոխարեն պետք է նախարար նշանակվեր «Վալոդը»։

«Էհ ժողովուրդ, հիմա դուք պատմեցիք մի բան, որ ցանկացած մարդ կարող է համացանցում երկու վայրկյանում գտնել։ Այնտեղի կոնտեքստի և ձեր հարցի միջև մեծ շեղում կա, այդ պատճառով թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,- նշեց վարչապետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս