«Այդպես էլ պարզ չդարձավ՝ Միրզաբեկյանին ինչո՞ւ են հանել, Չիլինգարյանին ինչի՞ բռնեցին՝ բաց թողեցին…»

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նախկին պաշտոնյաների՝ հանձնաժողով գալը բարոյական հարց է համարում: Այսօր հանձնաժողովի առաջին դռնփակ աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Ա.Քոչարյանը հայտարարեց, որ կարող է հրավիրվեն թե՛ ներկա պաշտոնյաներ, թե՛ նախկին, չի բացառվում՝ նաև Արցախից, սակայն հրաժարվեց անուններ նշել:

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Եվ ես համոզված եմ՝ իրավական առումով գուցե շատերն օգտվեն իրենց իրավունքից և ասեն՝ գիտեք ինչ, կանչում եք, չենք գալիս, բայց ես ուզում եմ հնչեցնել ամենակարևոր նկատառումն ապրիլյան հանձնաժողովի հետ կապված՝ բարոյական տեսանկյունից որևէ մեկն իրավունք չունի, եթե կա հարց, շրջանցի այդ հարցի իր տեղեկատվությունը փոխանցել հանձնաժողովին: Չի կարող այդպես լինել»,- ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ, եթե որևէ մեկը հրաժարվի, հանձնաժողովը կգնահատի հրաժարվելու պատճառները:

Ըստ նրա՝ իրենք հրավիրելու են նաև զոհերի հարազատներին, քանի որ նրանք հսկա տեղեկատվության կրող են:

Քոչարյանի խոսքով՝ իրենք հանդես կգան զեկույցներով, որոնք հիմնված կլինեն անառարկելի փաստերի վրա:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ Քոչարյանը նշեց, որ իրենք կփորձեն հասկանալ ՊՆ-ի կատարած ուսումնասիրության խորությունը.

«Եթե ուսումնասիրության արդյունքը նա է, որ այսօր ունենք ԶՈՒ-ում և ոչ մի պատասխանատվության չենթարկված մարդ, ուրեմն այդ ուսումնասիրությունները արվել են գաղտնի գրիֆի տակ պահելու համար: Այդ դեպքում շահառուն ո՞վ է: Ես անձամբ ուզում եմ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին ծանոթանալ և կծանոթանամ»:

Պատգամավորը նշեց, որ քաղաքական պահանջ վաղուց կար, և դրա սպասարկումը նախորդ իշխանությունը պետք է աներ ապրիլի 4-ից հետո, բայց բավարարվեցին մի քանի պաշտոնատար անձանց պաշտոնից հանելով.

«Այդպես էլ պարզ չդարձավ՝ Միրզաբեկյանին ինչո՞ւ են հանել, Չիլինգարյանին ինչի՞ բռնեցին՝ բաց թողեցին, Կարապետյանին հանեցին, հետո պարզվեց՝ Կարապետյանի ուղարկած նյութերը ներկայիս վարչապետը կարդում ա, և ավելի շատ հարցեր են առաջանում, քան պարզաբանումներ: Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի դեպքում էլ ասեց՝ գնացեք և բացահայտեք, հետո ասեց՝ լրագրողներ, դուրս եկեք, լուրջ մի վերաբերվեք իմ ամեն մի ասածին»:

Թե ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այս գործով, Քոչարյանը նշեց, որ պատասխանատվություն կրող քաղաքական ուժն ուզում է հասկանալ՝ այնուամենայնիվ իրավապահ մարմինները դեռ իներցիայի՞ մեջ են, թե՞ իրենք պետք է գործողություններ անեն՝ ի նպաստ այս հարցերի պատասխանները գտնելուն.

«Կարծում եմ՝ այս հանձնաժողովը միայն կնպաստի իրավապահ մարմինների աշխատանքը, եթե տեղից չի շարժվել, շարժվելուն»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ կլինեն վարկաբեկման գործընթացներ, սակայն իրենք կգնան փաստերի արձանագրման, հավաքման, ուսումնասիրման ճանապարհով, որի արդյունքում եթե պարզվեց՝ դավադրություն կա, դավադիրներն անպայման կհայտնաբերվեն:

Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը նիստեր կանցկացնի հնարավորինս հաճախ:

Տեսանյութեր

Լրահոս