100 փաստ հիվանդ տնտեսության մասին

Հայտնի ու պարզ ճշմարտություն է. բուժման ճանապարհին առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է: Արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության հիվանդության դինամիկան ճի՞շտ է ախտորոշված: Բնավ` ոչ: Հիշենք մի քանի սխալ ախտորոշման օրինակ:

Ինչի՞ց սկսեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հայտարարությունից, որ հեղափոխությունն ինքնին բավարար է, որ ներդրողները իրար հերթ չտալով՝ գան ներդրումներ անելու: Այս ակնկալիքը ստեղծելուց գրեթե մեկ տարի անց Ն. Փաշինյանը խոստովանեց, որ հեղափոխությունը ներդրումներ ներգրավելու լավագույն «բրենդինգը» չէ:

«Փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին», «րցՊՖþ վՈ ՎօսՏ»: Այս մասին շատ է խոսվել, բայց արժե նորից հիշեցնել: Բիզնեսը նուրբ օրգանիզմ է: Պետության կոպիտ միջամտությունը՝ նույնիսկ «արդար» նպատակներով, ծնում է վախ բիզնես շրջանակներում: Իսկ վախը տնտեսական աճի ամենալուրջ խոչընդոտն է: Պարզ ասած՝ ձերբակալված բիզնեսմենի, հարկային վարչարարության խստացման ու ԱԱԾ-ով բռնոցի կազմակերպելու արդյունքում բյուջե բերած ամեն լուման զուգահեռաբար երկրից ու տնտեսությունից փախցնում է երկուսը: Ու խոսքը թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրումների մասին է:

Մեկ այլ սխալ ախտորոշում էր տնտեսության «լավ» ու «վատ» ճյուղերի բաժանումը: «Չենք ուզում հանքարդյունաբերության մեջ ներդրումներ, ուզում ենք ներդրումներ բարձր տեխնոլոգիաներում»:

Նախ՝ նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ՝ ներդրումները «ուզելով» չեն գալիս: Ներդրումներ արվում են երկրի մրցունակ ճյուղերում: Ու փոխանակ մրցունակ ճյուղերում որակյալ ներդրումներ ներգրավելու, կառավարությունը առաջին իսկ քայլերով, կոպիտ ասած՝ «վարի տվեց» ոլորտում միակ լուրջ արևմտյան ներդրումը, ու մնաց այլ ոլորտներում ներդրումների սպասելով, որոնք, հասկանալի պատճառներով, այդպես էլ չեկան ու չեն էլ գալու:

Իսկ որտեղի՞ց գիտեմ, որ չեն գալու: Կանխատեսումն իմը չէ, միջազգային վերլուծական կենտրոններինն ու վարկանիշային կազմակերպություններինն է: Այս շաբաթ երկու նման կենտրոն՝ Oxford Analytics-ն ու Fitch-ը, նման կանխատեսումներ են արել: Առաջինը գրել է, որ Հայաստանում քաղաքական ռիսկը բարձր է, և ներդրումների համար կորուստների հավանականությունը՝ մեծ, իսկ Fitch-ը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազում՝ ոչ միայն այս, այլև հաջորդ տարի: Միակ բանը, որ կարող է դրականորեն ազդել այս բացասական կանխատեսման վրա՝ Ամուլսարի շինարարության վերսկսումն է՝ ըստ Fitch-ի կանխատեսման: Իսկ սա նշանակում է, որ որևէ այլ լուրջ ներդրում չի կանխատեսվում:

Սա հանգեցնում է սխալ ախտորոշման ևս մեկ օրինակի: Երբ երկրի խոշորագույն ներդրողի ճանապարհներն արդեն մեկ տարի փակ են, առնվազն միամտություն է ակնկալել, որ դա «նորմալ» կընկալվի աշխարհում: Բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահ էին դրանում:

«Ներդրողները կհասկանան մեր բնապահպանական մտահոգությունները»: Երբ նման բան է ասում ճանապարհ փակող ակտիվիստը, դա հասկանալի է, բայց երբ դրանում վստահեցնում է ԱԺ Տնտեսական հանձնաժողովի անդամ իշխող կուսակցության ներկայացուցիչը, դա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Ոչ ոք միամիտ չէ՝ չտեսնելու համար, որ առնվազն մեկ տասնյակ այլ հանքեր ունեցող երկրում կառավարությունը խոչընդոտ է ստեղծել հենց այն միակ հանքի հանդեպ, որի բնապահպանական ստանդարտները երաշխավորել են արևմտյան բանկեր, ֆինանսական հաստատություններ ու դեսպաններ:

Ու եթե նույնիսկ համարենք, որ ներդրողները միամիտ են ու չեն նկատում այս ակնհայտ խտրականությունը, նրանք առնվազն նկատում են, որ «բնապահպանական մտահոգությունները» ստուգելը տևում է արդեն մեկ տարի, իսկ այդ ընթացքում ճանապարհները շարունակում են փակ պահել մի խումբ մարդիկ: Սա չի կարող «նորմալ» համարել ոչ մի «նորմալ» ներդրող: Ու այդ մասին է վկայում Fitch-ի կանխատեսումը:

Եվ վերջապես, հիվանդության բուժման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը հիվանդության մերժումն է: Հենց դրանով է զբաղված իշխող կուսակցությունն ու անձամբ վարչապետը: Այս շաբաթ նա մի գրառում կատարեց Ֆեյսբուքում այն մասին, որ այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվության աճ է գրանցվել:

Հետևաբար՝ տնտեսությունը ծաղկում է: Վարչապետը զարմանալիորեն մոռացավ, թե ինչ էր տեղի ունենում անցյալ տարվա ապրիլին: Փակ էին փողոցները, կանգնած էին բիզնեսներն ու պետական կառույցները, տեղի էր ունենում ոչ ավել, ոչ պակաս՝ հեղափոխություն: Որտե՞ղ եք տեսել մի երկիր, որտեղ այս ամենին զուգահեռ՝ տնտեսական ակտիվություն է տեղի ունենում:

Հարցը, ի դեպ, հենց Փաշինյանինն է՝ մի փոքր վերաձևակերպված: Հետևաբար, անցյալ տարվա ապրիլի համեմատ նույնիսկ ամենամեռած տարվա ամենամեռած ամիսը կարող է տնտեսական ակտիվություն արձանագրել, ու պարտադիր չէ տնտեսագետ լինել այս պարզ իրողությունը հասկանալու համար: Հետևաբար՝ կառավարությունը կամ միտումնավոր է խեղաթյուրում պատկերը, կամ անկեղծորեն չի նկատում սեփական տնտեսության հիվանդությունը, ինչից հետևում է, որ բուժում չի լինելու:

Տեսանյութեր

Լրահոս