Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության դեպքը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի բնակարաններից մեկը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 31.015.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, 30.000.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ հնաոճ պատի ժամացույց, նկարներ և հեռուստացույց՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1991թ:
Քննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, 2019թ. հունվարի 10-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող սպասարկման սրահ և հափշտակել «Սամսունգ Ջ7» մոդելի բջջային հեռախոս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: