Պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն
Վերջին շրջանում մի տեսակ վատ նախադեպ է ստեղծվել. որ ոլորտի հաջողությունների մասին Նիկոլ Փաշինյանը սկսում է խոսել, միտումները շատ արագ փոխվում են։ Ոչ թե դեպի լավն են գնում, այլ՝ հակառակը։
Զարմանալի զուգադիպությամբ՝ նման օրինակները բազմաթիվ են։ Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն աչքով է տալիս առանց այդ էլ այն քիչ հաջողություններին, որոնք կան կամ նշմարվում են Հայաստանի տնտեսության մեջ։
Սկսենք արդյունաբերությունից։
Մինչև վերջերս տնտեսական հեղափոխության հաջողությունները Նիկոլ Փաշինյանը բացատրում էր մշակող արդյունաբերության մեջ տեղի ունեցող զարգացումներով։
«Հունվար-փետրվարին Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը մոտ 8 տոկոսով ավելացել է, ինչը բավականին շոշափելի արդյունք է։ Սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքներինը՝ ավելի քան 30 տոկոսով՝ ի հաշիվ կոնյակի արտադրության աճի, հագուստի արտադրությունն աճել է 15 տոկոսով, ծխախոտինը՝ 17 տոկոսով։ Միաժամանակ, նշանակալի աճ է արձանագրել կոնյակի և ոսկերչական իրերի արտահանումը։ Իմ ընկալմամբ՝ սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է։ Համոզված եմ՝ այն ավելի ու ավելի լավ է աշխատելու»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արեց Ազգային ժողովում իր գլխավորած նախորդ կառավարության գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։
Դրանից ընդամենը մեկ ու կես ամիս անց ահա թե ինչ տեղի ունեցավ մշակող արդյունաբերության ոլորտում։
Եթե հունվար-փետրվարին տնտեսության այս ճյուղը, ինչպես ասում է վարչապետը, շոշափելի` 8 տոկոս աճ էր գրանցել, ապա արդեն տարեսկզբի երեք ամիսների տվյալներով՝ աճը կազմեց ընդամենը 5,5 տոկոս։ Տեմպը 2,5 տոկոսով նվազեց։
Սննդամթերքի արտադրության աճը վարչապետի ասած 25 տոկոսից իջավ 9,8 տոկոսի։ Խմիչքների արտադրության աճից ընդհանրապես ոչինչ չմնաց։ Այդ ոլորտում առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պաշտոնական վիճակագրությունը նույնիսկ անկում գրանցեց։
Անցնենք առաջ. «Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում շինարարության ոլորտում։ Ե՛վ հունվարին, և՛ փետրվարին այդ ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ»։ Այդ աճերը հիմք տվեցին Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, որ Հայաստանը կանգնած է շինարարության բումի շեմին։
Ինչ տեղի ունեցավ դրանից հետո. հունվար-փետրվարին արձանագրված 20 տոկոսը գերազանցող աճից հետո մարտին շինարարության ոլորտում, այսպես ասած, մեռյալ վիճակ էր։ Նախորդ տարվա համեմատ՝ աճը կազմեց ընդամենը 0,5 տոկոս։ Ապրիլին ևս զարգացումները փայլուն չէին. արձանագրվեց 1,8 տոկոս աճ, ինչի հետևանքով հունվար-փետրվարի 21 տոկոսից շինարարության աճը, չորս ամիսների տվյալներով՝ նվազեց մինչև 8 տոկոսի։ Այսինքն` ընդամենը երկու ամսում աճի տեմպը կրճատվեց 2,6 անգամ։
Գանք ներդրումներին: «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018թ. երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 տոկոսով աճել են` 2017թ. նույն եռամսյակի համեմատ։ 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը կազմել է 75,5 մլն դոլար` 2017թ. 50,9 մլն դոլարի դիմաց», -այս տարվա հունվարի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Դրանից երկու ամիս անց Կենտրոնական բանկը հրապարակեց հաջորդ եռամսյակի ներդրումների ցուցանիշները։ Վարչապետի ոգևորությունն այլևս ոչինչ չէր կարող փրկել. օտարերկրյա ներդրումները նվազել էին։ Այդ եռամսյակում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ուղղակի կապիտալ ներարկումների զուտ հոսքերը կազմեցին 70,7 մլն դոլար, ինչը գրեթե 5 միլիոնով պակաս էր երրորդ եռամսյակի ցուցանիշից։
Ներդրումների նվազումը շատ ավելի մեծ էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրանք ավելի քան 31 մլն դոլարով կամ ավելի քան 30 տոկոսով կրճատվել էին։
Իսկ եթե հիշենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ներդրումների մասին մինչև վարչապետ դառնալը, ապա կստացվի, որ հայտարարվող բումի փոխարեն՝ եղած ներդրումներն էլ չորացան։
Ի՞նչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը խոսում էր բանկային կապիտալի, այդ թվում` ավանդների ավելացման մասին: «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10,5 տոկոսով, վարկերն աճել են 7,0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10,4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4,3 տոկոսով: Ավանդներն աճել են 9,2 տոկոսով»,- անցած տարվա հոկտեմբերին իր Ֆեյսբուքի էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Ոչինչ, որ ինչպես՝ բանկային վարկերը, այնպես էլ՝ ավանդները վարչապետի հայտարարությունից ընդամենը չորս ամիս անց դադարեցին ավելանալ։ Մարտին նույնիսկ ակնում գրանցվեց. նախորդ ամսվա համեմատ՝ վարկային պորտֆելը կրճատվեց՝ շուրջ 33 միլիոն, իսկ ավանդներինը` 50 մլն դոլարով։ Եթե փետրվարին բանկային վարկերի պորտֆելը 3 տրիլիոն 216 մլրդ դրամ էր, ապա մարտին կազմեց 3 տրիլիոն 200 մլրդ դրամ։ Նույնը՝ նաև ավանդների դեպքում. Փետրվարի 3 տրիլիոն 4 մլրդ դրամից մարտին այն նվազեց մինչև 2 տրիլիոն 979 մլրդ դրամի։
Անշուշտ, մեկ ամսվա կտրվածքով ճիշտ չէ հեռուն գնացող հետևություններ անելը։ Բայց փաստն այն է, որ, ինչպես վարկերը, այնպես էլ՝ ավանդները, մարտին նվազել են։ Ու եթե առաջիկայում պահպանվի այս միտումը, արդեն լավ չէ։
Հիշեցնենք, որ հայտարարված տնտեսական հեղափոխության հույսը վարկերն են։ Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես ՝բանկերը և մատչելի վարկերը, շուրջ երկու ամիս առաջ ասում էր վարչապետը։
Մինչև տնտեսական հեղափոխությունը` Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում էր տնտեսական թռիչքի մասին։ Արդյունքը եղավ այն, որ տնտեսական թռիչքը շրջանցեց Հայաստանը։ Ինչպես հայտնի է, այս տարվա համար ակնկալիքներն ընդամենը 4,5-5 տոկոսի սահմաններում են։ Եվ դա ոչ միայն կառավարությունն է ասում, այլև միջազգային կազմակերպությունները։
Այն, որ վարչապետի հայտարարություններից հետո նման երևույթներ են տեղի ունենում, բնավ զարմանալի չէ։ Ոչ էլ դա պատահականություն է կամ ուղղակի զուգադիպություն։ Իրականում այդպես էլ պետք է լիներ. շատ հաճախ Նիկոլ Փաշինյանն ասում է բաներ, որոնք բավարար հիմնավորված չեն և չեն բխում ներքին տնտեսական իրողություններից։ Որպես հետևանք` կարճ ժամանակ անց ահա այսպիսի բաներ են լինում։
Այնպես որ, թավշյա հեղափոխության հաջողությունների մասին խոսելուց առաջ, ճիշտ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մինչ այդ լավ ծանր ու թեթև աներ։ Այլապես ստացվում է, որ իր չհիմնավորված հայտարարություններով ոչ թե լավատեսություն, այլ հիասթափություն է առաջացնում, որովհետև կարճ ժամանակ անց հասարակությունը բախվում է բոլորովին այլ իրականության հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ