«Ներկայումս ամենակարևորը շփման գծում հրադադարի ամրապնդումն է»․ Լուկիանով

«Ամեն ինչից անկախ՝ կարևոր է հրադադարի ամրապնդումը, այլապես բանակցային ողջ գործընթացը՝ ներառյալ հումանիտար ծրագրերը, կհայտնվեն փակուղում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքներին և տարածված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ համանախագահների ամփոփիչ հաղորդագրության մեջ նշվում էր, որ համանախագահները բարձրաստիճան հանդիպումներ են ունեցել Հայաստանում, ԼՂ-ում և Ադրբեջանում։ «Այցի հիմնական նպատակն էր՝ գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջազգային սահմանին, ինչպես նաև հետևել մարտի 29-ին Վիեննայում՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ու ապրիլի 15-ին Մոսկվայում՝ նրանց արտգործնախարարների միջև տեղի ունեցած քննարկումներին: Ինչպես և պահանջվել էր, համանախագահները կարգավորման գործընթացի համար հետագա հստակ քայլերի առաջարկներ են ներկայացրել, այդ թվում և՝ հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո, ինչի մասին մանրամասները կհայտարարեն համապատասխան ժամկետում: Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների առնչությամբ և կոչ են արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու էսկալացիայից»,- ասված էր հայտարարության տեքստում։ Նշենք նաև, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայողը։

Ֆյոդոր Լուկիանովի գնահատմամբ, ակնհայտ է՝ համանախագահների վերջին այցի նպատակն էր՝ հստակեցնել բոլոր վերջին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուստի, նրա խոսքով, հայտարարության մեջ նշվում են հենց այդ հանդիպումների մասին, քանի որ դրանց ընթացքում են կողմերը համաձայնության եկել իրականացնել հումանիտար գործունեություն։

«Նրանց այցն իրենց առաջնային նպատակին ամենայն հավանականությամբ ծառայեց։ Սա բանակցությունների այն բովանդակությունն է ներկայումս, որում, փաստորեն, իր մասնակցությունն ունի նաև ռուսական կողմը, քանի որ նախարարական հանդիպումը, որից հետո տարածվեց հստակ հայտարարություն այս ծրագրերի մասին, կազմակերպվել էր ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ ղեկավարի նախաձեռնությամբ։

Կողմերը, այդ թվում՝ համանախագահությունը, կարծում էին, որ Դուշանբեում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կլինի կայուն, սակայն դա կայուն չէ, ուստի սրան զուգահեռ՝ դրական է, որ համանախագահները նշում են նաև անվտանգության մասին: Բայց թե ինչ միջոցառումների մասին է խոսքը՝ անհասկանալի է, ինչպես պետք է հրադադարն ամրապնդվի, ինչպես պետք է վերահսկվի, բացառվի։ Ի դեպ, դրան հասնելը բավականին բարդ է, որը հասկանալի էր դարձել շատ ավելի վաղ՝ դեռևս 1990-ական թթ. կնքված հրադադարի համաձայնագրերից հետո, երբ դրանք, ըստ էության, լինելով անժամկետ՝ չգործեցին։

Այսինքն՝ դրանք ներկայումս ևս ուժը կորցրած չեն համարվում, սակայն չեն պահպանվում կողմերի կողմից։ Կարծում եմ՝ բանակցությունների, կողմերի միջև իրականացվող յուրաքանչյուր ծրագրի կայունությունը կարելի է ապահովել՝ շփման գծում հրադադարի պահպանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, դա կլինի նախկին պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի վերհիշում կամ նոր միջոցառումներ, սակայն դա շատ կարևոր է, քանի որ կողմերի իրական մտադրություններն արտահայտվում են շփման գծում, իսկ բանակցային գործընթացում արտացոլվում է բազմաշերտ դիվանագիտությունը։

Ուստի ներկայումս, անկախ ամեն ինչից, կարևոր է հրադադարի ամրապնդումը, այլապես բանակցային ողջ գործընթացը, ներառյալ՝ այս ծրագրերը, կհայտնվեն փակուղում։ Հետևաբար՝ կարելի է չմոռանալ այն բոլոր համաձայնությունները, որոնք եղել են փաստաթղթավորված, դրանք թե Ղարաբաղյան առաջին պատերազմին հաջորդած, թե ապրիլյան պատերազմին հաջորդած պայմանավորվածություններն են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս