«Օքսֆորդ Անալիտիկսը» Հայաստանի համար արձանագրել է  քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ

Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված,  VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին և    ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության և ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաև քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, և որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։  Ռեյտինգներից յուրաքանչյուրի համար, փաստացի գնահատականից զատ, տրվում է նաև կանխատեսում, որը կարող է լինել դրական կամ բացասական, և, համապատասխանաբար հաջորդ ժամանակահատվածի համար կանխատեսում է դրական կամ բացասական զարգացումներ։

Մեթոդաբանական առումով այս վարկանիշը բաղկացած է 4 հիմնական մակարդակներից՝ AR, որն իր բովանդակությամբ հանդիսանում է ցածր ռիսկային վարկանիշ, և այս վարկանիշը շնորհվում է այն երկրներին, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է ցածր։ Վերջին հրապարակման արդյունքներով՝ այս վարկանիշին են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և Եվրոպական միության անդամ մի շարք երկրներ։

BR կամ միջին ռիսկայնության վարկանիշին արժանանում են այն երկրները, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնհատվում է միջին, իսկ դրա ազդեցությամբ պայմանավորված հնարավոր կորուստները գնահատվում են ցածր։ Այս վարկանիշին են արժանացել Ռուսաստանը, Չինաստանը, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և այլն։

CR կամ բարձր ռիսկային վարկանիշ ստացած պետություններում քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է բարձր, այդ երկրները ստանում են ոչ ներդրումային կարգավիճակ, և այստեղ քաղաքական ռիսկերով պայմանավորված կորուստները գնահատվում են բարձր։ Այս վարկանիշին են արժանացել Հայաստանը, Սիրիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Աֆրիկյան մի շարք երկրներ, Ուկրաինան և այլն։

Եվ վերջին՝  F վարկանիշային խմբում հանգրվանում են այն երկրները, որոնց քաղաքական ռիսկը գնահատվում է՝ որպես անկառավարելի։ Սա ռիսկայնության առավել բարձր մակարդակն է և լի է անկանխատեսելիությամբ, հետևաբար՝ այս խմբի երկրների համար ազդեցության որևէ գնահատում հնարավոր չէ իրականացնել։

Այսպիսով, համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական  ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին և դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ  ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Ինչպես ասում են՝ բարի գալուստ 1990-ականներ։ Եվ սա հետևանք է հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «կոռուպցիոներների» գրպանները թափ տալով գումարներ բերելու, գյուղապետերի հետևից անձամբ գնալու և իրենց կաբինետներից վզներից բռնած դուրս շպրտելու, «էս երկրում կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի» և նման կարգի հայտարարությունների և գործողողությունների։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, «մասկի շոուները» և տարբեր բիզնես ընկերություններում «ռեկետ» հիշեցնող դրսևորումները, դատարանները շրջափակելու նրա հակասահմանադրական կոչը և նմանատիպ այլ հայտարարություններն ու գործողությունները միայն բավարար էին, որպեսզի Հայաստանում որևէ ներդրում չլինի, և երկիրը քաղաքական ռիսկի վարկանիշով հայտնվի բարձր ռիսկային գոտում։ Նույնիսկ հայաստանյան ներդրողներն են այսօր խուսափում որևէ գործ նախաձեռնել, որովհետև երկիրն ապրում է անկանխատեսելի ռեժիմում՝ ասես հրաբուխի վրա, և չգիտեն՝ որ պահին երկրի վարչապետն ինչպիսի տրամադրություն կունենա և ինչ հրահանգ կիջեցնի։

ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս