«Ինչպե՞ս կարելի է տալ երաշխիքներ, թե ինչ կպատահի, եթե Հենրիկ Մխիթարյանը դառնար գոլի հեղինակ Բաքվում և բարձրացներ հայկական դրոշը». Մխիթար Հայրապետյան

«Հենրիկ Մխիթարյանը՝ մեր հավաքականի ավագը, հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը, ինչպես Խորհրդային Միության փլուզումից հետո պատերազմի տարիներին, հատկապես՝ զինադադարից հետո, սկսած նախադպրոցական տարիքի երեխաներից, կրթական պետական հստակ քաղաքականություն է իրականացնում ադրբեջանական հասարակության շրջանում հայատյացություն, այսպես կոչված, արմենոֆոբիա տարածելու ուղղությամբ, հետևաբար՝ մեկնելով Բաքու, մեր ֆուտբոլիստը գիտակցում է, որ լինելու է այնպիսի մթնոլորտ, որտեղ ընդգծված հակահայկականություն և առհասարակ քսենոֆոբիայի դրսևորումներով լի տրամադրություններ են լինելու։

Իմ ունեցած տեղեկություններով՝ նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ և հույս ունեմ, մի օր Հենրիկ Մխիթարյանն ինքը կխոսի բարձրաձայն՝ ի լուր աշխարհի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա՝ հասկանալի չեն որոշ շրջանակներում քննարկվող այն թեզերը, թե արդյո՞ք ճիշտ է Հ.Մխիթարյանի որոշումը. «Ես լիուլի, լիակատար սատարում եմ այդ որոշումը, որովհետև դա որոշում էր կշռադատված և հստակ հասկանալով ու ճանաչելով, որովհետև այստեղ խոսքը միայն անվտանգության երաշխիքների մասին չէ։ Օրինակ՝ ի՞նչ եք պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է տալ երաշխիքներ, թե ինչ կպատահի, եթե Հենրիկ Մխիթարյանը դառնար գոլի հեղինակ Բաքվում և բարձրացներ հայկական դրոշը։ Սրանից բխող այլ հարցեր կան, որոնց պատասխաններն ադրբեջանական կողմը որևէ ձևով չի տալիս, որքան էլ գործի է դրել քարոզչամեքենան»։

Ըստ նրա՝ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպանն է ակտիվ փորձում մեղադրել Մխիթարյանին հարցը քաղաքականացնելու համար, սակայն հարցն ի սկզբանե քաղաքականացվել էր, երբ մեր ֆուտբոլիստին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրելու սպորտի և անվտանգության միջև։

Հ.Մխիթարյանի կարծիքով՝ ԱԺ-ից պետք է այս ուղերձը գնա, և Հ.Մխիթարյանը լսի, որ Հայաստանում սատարում են իր որոշումն ու աջակցում են իրեն՝ իր համար այս չափազանց ծանր պայմաններում։ Նա նշեց, որ չի բացառվում, որ հետագայում հարցը բարձրացվի նաև դիվանագիտական խողովակներով, քանի որ խնդիրը չի ավարտվելու միայն եզրափակիչ խաղի ավարտով. «Սա հստակ մեսիջ էր քաղաքակիրթ աշխարհին, որ Ադրբեջանն ու ադրբեջանական հասարակությունը հստակ հայկական «յան» ազգանունով և հայկական ծագում ունեցող, անգամ օտարերկրյա քաղաքացի համարվող երկրպագուների մուտքը սահմանափակել է, խոսում է ընդգծված խստական քաղաքականության, ընդգծված քսենոֆոբիայի ու հայատյացության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս