Աննա Հակոբյանին սփյուռքահայերից շատերը հարցնում էին՝ ուզում ենք վերադառնալ, ինչպե՞ս վերադառնանք, ինչո՞վ կօգնեք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
«Սպուտնիկ Արմենիայի» հարցը՝ համապատասխանաբար՝ Էսթեր Դեմիրճյանին և Աննա Հակոբյանին։
– Հիմնադրամի օգնությամբ քանի՞ երեխա է օգնություն ստացել, և քանի՞սն են հերթագրված։
– Այսօրվա դրությամբ հիմնադրամն արդեն աջակցել է ավելի քան 150 երեխայի և երիտասարդի, որովհետև մենք, ինչպես գիտեք, մինչև 25 տարեկան շեմ ունենք։
Ցավոք, պետք է նշեմ, որ այդ թիվն ամեն օր աճում է, որովհետև մենք ամեն օր ունենք դիմումներ։ Հերթագրման խնդիր ընդհանրապես չկա, որովհետև մենք որևէ մեկին չենք մերժում։ Բոլոր այն մարդիկ, երեխաները, որոնք համապատասխանում են մեր պահանջներին, այն է՝ լինեն 0-25 տարեկան և ունենան քաղցկեղ կամ արյան հիվանդություն, գրանցվում են հիմնադրում, ընթացակարգը 3-4 օր է տևում, որից հետո նրանք գրանցվում են հիմնադրամում, և հիմնադրամը հոգում է նրանց բուժման հետ կապված ծախսերը՝ թե հետազոտական, թե դեղորայքի հետ կապված։ Մինչ օրս 120 միլիոն դրամի կարգի գումար ենք հատկացրել այդ ծախսերի համար (Էսթեր Դեմիրճյան)։
– Դուք հանդիպում եք նաև հայ համայնքների հետ։ Ամենաշատը բարձրացվող հարցը կամ խնդիրը ո՞րն է եղել։
– Համայնքներում հանդիպումների ընթացքում ոչ թե ավելի շատ հարց է կրկնվում (ենթադրում եմ, որ դա ժամանակի հետ կփոխվի, բայց դեռ չի փոխվել), այլ մարդիկ կիսում են իրենց ուրախությունը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ։ Շատ հաճախ մարդիկ անպայման ուզում են կիսել նախկինում կուտակված զայրույթը։ Մարդիկ անպայման անդրադառնում են մեր երկրում տեղի ունեցած արատավոր երևույթներին։ Հատկապես Սփյուռքի այն շերտը, ովքեր ներդրումներ են արել և պարբերաբար երկար տարիների կապ են ունեցել իշխանությունների հետ և գումարներ են հատկացրել, պարտադիր դժգոհում են այն առիթով, որ իրենք երբեք չեն իմացել՝ իրենց գումարներն ուր են գնում, և դա իրենց համար մեծ խնդիր է եղել, բայց քանի որ հայրենիքից չէին կարող կտրվել, միևնույն է, դժգոհությամբ շարունակել են գումարներ հատկացնել։ Մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր դադարեցրել են առհասարակ, և հիմա, մեզ տեսնելով, ասում են, որ՝ այ, հիմա էլի կսկսենք օգնել։
Մի խոսքով, մոտավորապես այսպիսի քննարկումներ են գնում։ Ոնց որ դեռ չի պարպվել մարդկանց մեջ այդ փոփոխությունը, այդ ուրախությունը, որ ազատվեցին հին, արատավոր երևույթներից, շեշտադրումն այն իմաստով, որ չենք սխալվում, որ սխալ ուղի երբեք չենք բռնի։ Հիմնական կրկնվող, յուրաքանչյուր համայնքում, ընդ որում, պետք է ասեմ, որ համայնքները շատ տարբեր են, մարդկանց շերտերը, որ ես հանդիպում եմ, շատ տարբեր են։ Ես հանդիպում եմ ինչպես համայնքների ղեկավար կազմի, կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցու ղեկավարների հետ, այնպես էլ ուղղակի սովորական քաղաքացիների՝ մեր հայրենակիցների հետ, բայց բոլորի մոտեցումը և Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, և մինչև փոփոխությունը Հայաստանում տեղի ունեցած երևույթներին, և հույսը ապագայի նկատմամբ, այդ բոլոր շերտերինը նույնն է։ Նույնիսկ իրենց ձևակերպումներն են նույնը, ինչը ես երբ արդեն գիտակցեցի, շատ զարմացել էի ու այնքան ուրախացել էի, որովհետև դա միասնականության այնպիսի զգացողություն է հաղորդում, երբ որ դու տեսնում ես, որ շատ հարուստ հայը ունի բացառապես նույն զգացմունքները Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ու ապագայի նկատմամբ, ինչ դեռ շատ վատ սոցիալական վիճակում գտնվող հայը։
Հարցերի մեջ կարող եմ միայն առանձնացնել այն, որ ուզում ենք վերադառնալ, ինչպե՞ս վերադառնանք, ինչո՞վ կօգնեք, թեև դրան զուգահեռ՝ շատ մեծ թվով մարդիկ հայտնում էին, որ արդեն վերադարձել են, արդեն տուն են գնել։ Այնպես որ, շատ դրական մթնոլորտ է տիրում Սփյուռքում, ինչի համար շատ ուրախ եմ։
Մանրամասները՝ տեսանյութում։